Բացել լրահոսը Փակել լրահոսը
file_159_4326115
A A
Հասարակություն

Անասնաբուժական եւ սննդի հատվածները չեն առանձնացվել․ ի՞նչ վիճակում է ՍԱՏՄ Շիրակի լաբորատորիան

ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի լաբորատորիայի վերագործարկման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը:

Չնայած նրան, որ լաբորատորիայի բացման ժամանակ՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, այն իր  գործառույթով համարվել էր տարածաշրջանի համար խիստ կարեւոր նշանակության, երբեք նպատակին չի ծառայել: Բացումից  2 տարի անց այդ մասին ասել է ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ:

«Շիրակի լաբորատորիան իրականում փուչիկ է եղել, որ բացվել է ժամանակին: Բոլոր մարզերում կա լաբորատորիա, որն իրականացնում է շրջաբանական հետազոտություն, այսինքն՝ կենդանիների արյունը ստուգում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ: Նույնը վերաբերում է նաև Գյումրիին: Դա եղել է փուչիկ, որը գալու հետ մեկտեղ պայթել է, որովհետև թե շենքային, թե սարքային պայմանները չէին բավարարում, որ այդ լաբորատորիան իրականացներ էստեղ սննդի հետազոտություն: Չի կարող մի սենյակում հետազոտվել և սնունդ, և կենդանիների արյուն: Պարզ է, որ դա չէր գործելու, հիմնական սարքը որ պիտի իրականացներ էնտեղ աշխատող չէր, մասնագետներ որպես այդպիսին չկային, այսինքն դա արվել էր ինչ-որ շոուի համար, ինչ-որ մարդկանց փիառի համար, դրա համար էլ այդ լաբորատորիան չի գործել»,- Գյումրի կատարած այցի ժամանակ նշել էր ՍԱՏՄ ղեկավարը:

«Փուչի՞կ է, թե՞՝ ոչ» հարցին ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանել չկարողացավ: Ասաց՝ չգիտի, թե նախկինում ով ինչպես է աշխատել, կամ աշխատել են, թե՝ ոչ:  Ներկա պահին հստակ մեկ տեղեկատվություն ունի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը լաբորատորիան վերագործարկելու հստակ ծրագիր ունի:

«Լաբորատորիայում կան խնդիրներ, բայց դրանք նոր չեն, վերանորոգման ժամանակ է սխալը թույլ տրվել: Լաբորատորիան այնպես են սարքել, որ չեն առանձնացրել անասնաբուժական եւ սննդի հատվածները: Իսկ այս պարագայում կտրականապես անթույլատրելի է նույն սենյակում երկու տարբեր հետազոտություններ իրականացնելը: Պետը էդ հարցի հետ կապված գործողություն է ուզում իրականացնի, որ էդ սարքավորումներն իրենց նպատակին ծառայեն»,-բացատրեց Ալեքսան Մկրտչյանը:

Ինչքանո՞վ է ծրագիրն իրատեսական: Ալեքսան Մկրտչյանն ասաց առաջիկայում կերեւա: «Հո չե՞նք թողնելու՝ լաբորատորիայի սարքավորումները շարքից դուրս գան, վերջը նպատակով բերված են, փոփոխությունը պետք է կատարվի, որ եւ անասնաբուժական եւ սննդի հետ կապված լաբորատորիաներն առանձնացվեն, էդ կարգավիճակը պետք է հստակեցվի, որ կարողանանք նա առանձին հետազոտենք, նա՝ առանձին: Հիմա ծառայում է միայն անասնաբուժական բլոկը, բայց սննդի թեւը դեռ գործունեություն չի ծավալում»:

Սարքավորումները երբեւէ աշխատե՞լ են, թե՞՝ ոչ, լաբորատորիան գործե՞լ է, թե՞ բացումից հետո չի շահագործվել, այս պահին հստակեցնել հնարավոր չէ, քանի որ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավարի՝ Անուշիկ Մնացականյանի լիազորությունները դադարեցված են: Նրան  կաշառք պահանջելու եւ վերցնելու համար մեղադրանք է առաջադրված: