Սնանկության ոլորտը կբարեփոխվի․ Արդարադատության նախարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն: Որպես այս շարունակական գործընթացի մաս` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարում» հիմնադրամի աջակցությամբ, իրականացվել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը: Վերջինի գործընկերներն են Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունները:
Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանը աջակցելու նպատակով: Մշակվել է նաև սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը:
Վերջինով նախատեսվել է, որ սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը ապահովելու է սնանկության վարույթի հետ կապված գործընթացների թվայնացումը՝ սկսած սնանկության վարույթի հարուցումից, մինչև սնանկության գործի ավարտը: Հարթակի միջոցով իրականացվելու են սնանկության վարույթի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ծանուցումները, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրումը: Վարույթի մասնակիցները հնարավորություն են ունենալու հետևել վարույթի ընթացքին, դատարանն ունենալու է վարույթը էլեկտրոնային եղանակով կառավարելու հնարավորություն. սնանկության կառավարիչների ընտրության և նշանակման գործընթացը նույնպես կիրականացվի հարթակի միջոցով:
Այն հնարավորություն է տալու ստեղծել հատուկ միջավայր, պարտատերերի առցանց ժողովների իրականացման և քվեարկության անցկացման համար: Սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը կնպաստի վարույթի մասնակիցների իրավունքների արագ և արդյունավետ իրացմանը, վարույթի ծախսատարության և տևողության նվազեցմանը, սնանկության կառավարիչների հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Էլեկտրոնային սնանկության համակարգը հանդիսանալու է էլեկտրոնային արդարադատության` e-justice, համակարգի մի մասը՝ https://www.youtube.com/watch?v=9OiSj_qDa6o :
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն