Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը բարեկամական լուծում է առաջարկել մահացած զինծառայողի ծնողներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բարեկամական լուծում է առաջարկել ՀՀ կառավարությանը եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի ծնողներին:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը:

19-ամյա հետախույզ Արթուր Ղազարյանն, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլխուղեղում կայծակնային արագությամբ առաջացած ուռուցքից:

Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4:30-ի սահմաններում ծանր եւ անգիտակից վիճակում ծառայության վայրից Արթուր Ղազարյանին տեղափոխել են Հադրութ քաղաքի բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց ուղղաթիռով Երեւան, այնուհետեւ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում վիրահատել են։

Սակայն կյանքը փրկել չի հաջողվել. դեկտեմբերի 21-ին գրանցվել է նրա մահը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ ապրիլի 10-ը ժամանակ է տվել կողմերին՝ հաշտության գալու համար, եթե հաշտություն կնքվեց, գանգատը կհանվի գործերի ցանկից։

«Սկզբունքորեն ավելի ճիշտ է քննությունը ճիշտ ուղիով տանել, քան ֆինանսական փոխհատուցումը»- ասաց փաստաբանը:

ՄԻԵԴ-ը նաեւ հարցադրումներ է արել կողմերին գանգատի շուրջ: Հենց սկզբից ծնողներին հավատ չի ներշնչել նախաքննական մարմնի առաջ քաշած վակածը: Իրենց նախաձեռնությամբ քննություն անելով՝ ծնողների մոտ հաստատվել է վարկածը՝ իրենց որդուն սպանել են:

Արթուր Ղազարյանի գործն մեկն էր այն 5 գործերից, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձեւավորված աշխատանքային խումբը հասցրել է ուսումնասիրել մինչեւ Աննա Վարդապետյանի գլխավոր դատախազ դառնալը:

Կազմել է 80 էջանոց փորձագիտական եզրակացություն։ Նոււյնիսկ աղաղակող փաստերի եւ ապացույցների առկայության դեպքում էլ իրավասու մարմինները հրաժարվում են սպանության հոդվածով գործ հարուցել: