Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փոփոխված/ Չինաստանում կրթությունը կիսատ չթողնելու համար երիտասարդը դիմել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

17-ամյա Տիրան Հովհաննիսյանը Չինաստանի Շանսիի մանկավարժական համալսարանի ամենաերիտասարդ և միակ հայազգի ուսանողն է։ 

Հայաստանից Չինաստան մեկնել է 15 տարեկանում՝ Նոր Խարբերդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ Համալսարանում 2 տարվա ուսումնական ծրագիրը 1 տարում է յուրացրել, ապա ուսումը շարունակել է անվճար հիմունքներով։ Ասում է՝ բարձր առաջադիմության համար համալսարանի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի երիտասարդը շարունակի ուսումը եւ դոկտորական աստիճան ստանա։  Բայց հիմա լուրջ խնդրի առջեւ է հայտնվել։

«Եթե ես հիմա մեկնեմ բանակ, ապա ինչ արել եմ, կընկնի ջուրը, որովհետև ինձ թվում է՝ երկու տարի չխոսեմ չինարեն, ապա ամեն ինչ մոռացության կմատնվի»,- նշում է Տիրանը։

 18 տարին լրանում է հաջորդ տարվա հունիսին։ Դեռ կես տարի առաջ  նամակով դիմել է վարչապետին՝ խնդրելով հնարավորություն տալ ուսումը շարունակել։

«Վարչապետի աշխատակազմից ինձ հայտնեցին, թե՝ 2020 թվականի հունիսի 15-ին վերադարձիր Հայաստան, և այդ ժամանակ կորոշենք՝ դու կգնա՞ս ծառայության, թե՞ կվերադառնաս Չինաստան՝ ուսումը շարունակելու»,- ասում է նա։

Երիտասարդն ասում է՝ նման պատասխանն իրեն որևէ երաշխիք չի տալիս, թե խնդրանքը կկատարվի։ Բացի այդ՝  քննությունների շրջանում  Հայաստանը գալը կարող է խնդիրներ առաջացնել։

«Իմ քննությունները կիսատ կմնան։ Քանի որ ես հիմա անվճար եմ սովորում, կարող է այնպես ստացվել, որ կտրվեմ անվճարից, և դա շատ ծանր կանդրադառնա ինձ վրա»,-ասում է ուսանողը։

Բաց նամակ է տեղադրել նաև իր ֆեյսբուքյան էջում։ Ասում է՝ գրառմանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ Այժմ Տիրան Հովհաննիսյանը նամակով դիմել է նաև Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տիրանի խոսքով՝ ինքը ցանկանում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան ու աշխատել այստեղ, նպաստել Հայաստան-Չինաստան հարաբերությունների մերձեցմանը։ Այժմ վարչապետի հետ հանդիպում է ակնկալում։ Ասում է՝ պատրաստ է քննարկել նաև ուսումնական հարցերի մասով երկու երկրների փորձի փոխանակման հնարավորությունները։

Կրթության նախարարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ Տիրան Հովհաննիսյանից ստացել են 3 դիմում, դրանք ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներ։ 3-ին էլ կպատասխանեն պատշաճ ժամկետներում։

Հոդվածից հետո Տիրանը ուղարկեց այս տեքստը.

Հերքում.Սույն թվականի օգոստոսի 2ին Տիրան Հովհաննիսյանի Ա1+_ին տվաած հարցազրույցում առկա է թյուրըմբռնում։ Տիրանը ցանկանում է ծառայել,բայց անհրաժեշտ է տարկետում։

Հայցում ենք Տիրանի եւ ընթերցողի ներողամտությունը։