Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport noa
A A
Սպորտ

«ՆՈԱ»-ն պայքարելու է եվրագավաթային ուղեգրի համար

«ՆՈԱ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցի առջեւ լուրջ խնդիր է դրել մրցաշրջան-2019-2020-ից առաջ։

«Մեր նպատակը եվրագավաթում խաղալու իրավունք նվաճելն է։ Ճիշտ է, թիմում շատ են երիտասարդ խաղացողները, սակայն նրանք բոլորն էլ որակյալ խաղացողներ են եւ ի վիճակի են լուծելու թիմի առջեւ դրված խնդիրը», - այսօր կայացած իր անդրանիկ մամուլի ասուլիսում ասաց ռուսաստանցի մասնագետը։

Գլխավոր մարզիչը գոհ է թիմի նախապատրաստական փուլից, չնայած այդ ընթացքում անցկացրած 4 ստուգողական խաղերում հաղթանակ չի տարել (բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի)։ Վադիմ Բորեցի կարծիքով՝ թիմը դեռեւս համալրման կարիք ունի, սակայն նա կոնկրետ չնշեց, թե խաղային որ դիրքերի մասին է խոսքը։

«Այս պահին թիմում չկան առանց պայմանագրի ֆուտբոլիստներ։ Առաջիկայում հնարավոր է՝ նորեկներ հայտնվեն։ Սելեկցիոն աշխատանքները կշարունակվեն մինչեւ պատուհանի ավարտը», - ասաց մարզիչը։

Նշենք, որ «ՆՈԱ» թիմն իր տնային խաղերն առայժմ կանցկացնի Երեւանի  «Նաիրի» մարզադաշտում, իսկ նախկին «Միկա» մարզադաշտի վերակառուցումից հետո թիմը կտեղափոխվի այդ մարզադաշտ։