Վարչապետի խոսնակը հանդիպել է հացադուլ հայտարարած պահեստազորի մայորին
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության դիմաց 17 օր շարունակ հացադուլ իրականացնող պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դադարեցրել է հացադուլը։
«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ քիչ առաջ իրեն է հանդիպել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Խաչատրյանը նշեց, որ Կարապետյանն ասել է, որ խնդրի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից և Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանից տեղեկացված է։
«Ասաց, որ վաղը ՊՆ-ն ինձ պատասխան կտա, ու խնդրեց, որ հացադուլից դուրս գամ»,- շարունակեց Խաչատրյանը։
Կարապետյանը, պահեստազորի մայորի խոսքով, հեռախոսահամարն է փոխանցել ու ասել, որ վաղը զանգահարի։
«Ես էլ ասացի՝ չեմ ուզում չհավատամ, ինձ շատ են խաբել, ասաց՝ «Ես քեզ ինչ ասում եմ, լինելու է»»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հացադուլից դուրս է գալիս։
«Դիմում գրում եմ, ժամանակավորապես եմ դուրս գալիս։ Եթե էլի նույն ֆռիկը էղավ, էլի գալու եմ, շարունակեմ»,- եզրափակեց «Ա1+»-ի զրուցակիցը։
Քիչ առաջ` ժամը 17։20, Խաչատրյանը «A1+» զանգահարեց ու ասաց, որ իր հետ կապ են հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ու տեղեկացրել, որ հարցման միջոցով գրասենյակին Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ աշխատավարձի տասնհինգապատիկ միանվագ վճարի վերաբերյալ բողոքն առանց առարկության «ի կատարումն» ուղարկվել է Զինված ուժերի գլխավոր շտաբ։
«Գլխավոր շտաբի պետին են ուղարկել, քանի որ ես եղել եմ ԳՇ կադրերի տրամադրության տակ, և կադրերի թերացումն է եղել։ Բողոքի վերաբերյալ որևէ առարկություն չի եղել, ինչը վկայում է, որ տասնհինգապատիկը պետք է բավարարվի»,- նշեց մայորը։
Հիշեցնենք, որ նա Պաշտպանության նախարարությունից պահանջում է միանվագ վճարել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկ վճարը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար։
Նշենք, որ հուլիսի 10-ին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում պահեստազորի մայորն ասել էր, որ հանդիպել էր ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանի հետ։ Վերջինս, ըստ Խաչատրյանի, խոստացել էր համապատասխան զեկուցագրով դիմել ՊՆ իրավաբանական վարչությանը։ Որոշ ժամանակ անց Խաչատրյանի հետ կապ էին հաստատել ու պատասխանել, որ այս խնդրով ՊՆ փոխնախարարի գլխավորությամբ քննարկում է եղել, և դեռևս վերջնական դիրքորոշում չի ընդունվել։
Իսկ երեկ՝ հուլիսի 23-ին, «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օրենքի սահմաններում խնդիրը լուծվի։ «Բայց այն, ինչ օրենքով հասանելի է։ Ինչը որ օրենքով հասանելի չէ, ՊՆ-ի ձեռքում չէ»,- ընդգծել էր նա։