Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Հասարակություն

Պահեստազորի մայորը շարունակում է հացադուլը. ՊՆ խոսնակի պարզաբանումը՝ նրա պահանջի վերաբերյալ

Պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանն արդեն 16-րդ օրն է` շարունակում է իր հացադուլը։

Նա Պաշտպանության նախարարությունից պահանջում է միանվագ վճարել իրեն զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկ վճարը՝ փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար։

«Ա1+»-ը կապ հասատատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Նա ասաց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օրենքի սահմաններում խնդիրը լուծվի։ «Բայց այն, ինչ օրենքով հասանելի է։ Ինչը որ օրենքով հասանելի չէ, ՊՆ-ի ձեռքում չէ»,- ընդգծեց նա։

Իսկ խնդրի լուծման ընթացքին անդրադառնալով՝ Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս իրավական և ֆինանսական հիմքերը քննարկվում են, որպեսզի կատարվեն այն վճարումները, որոնք պահեստազորի մայորը պահանջում է։

«Բայց ամեն ինչը չէ իր պահանջներից, որ օրենքով կարգավորվում է»,- եզրափակեց մամուլի քարտուղարը։

«Ա1+»-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ շտապօգնության աշխատակիցներից այցելել են իրեն։ Նա նշեց, որ բժիշկների կատարած ստուգումների համաձայն՝ իր ճնշումը եղել է 90/50, իսկ շաքարը՝ 3,6 %։  

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 10-ին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Խաչատրյանն ասել էր, որ հանդիպել էր ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանի հետ։  Վերջինս, ըստ Խաչատրյանի, խոստացել էր համապատասխան զեկուցագրով դիմել ՊՆ իրավաբանական վարչությանը։ Որոշ ժամանակ անց Խաչատրյանի հետ կապ էին հաստատել ու պատասխանել, որ այս խնդրով ՊՆ փոխնախարարի գլխավորությամբ քննարկում է եղել, և դեռևս վերջնական դիրքորոշում չի ընդունվել։