Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Հասարակություն

Պահեստազորի մայորը շարունակելու է իր հայտարարած հացադուլը

Ցոլակ Խաչատրյանը 2015 թվականից պայքարում է իր խախտված իրավունքների վերականգնման համար։ Նա հայտարարել էր, որ խախտվել են արձակուրդներ տրամադրելու և դրա դիմաց փոխհատուցման, շաբաթ օրերին աշխատելու և դրա դիմաց փոխհատուցման, զորացրվելիս 15-ապատիկ միանվագ վճարի ստացման, տեղեկատվության ազատության իր իրավունքները։

Նշենք, որ վարչական դատարան բավարարել էր Ցոլակ Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Պաշտպանության նախարարության բավարարել էր մասնակի։ Ըստ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրած վճռի՝ դատարանը պարտավորեցրել էր Պաշտպանության նախարարությանը տրամադրել նրան 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում, իսկ մնացած մասով հայցի մերժել էր, դրան հավելած՝ ՊՆ-ից հօգուտ Ցոլակ Խաչատրյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հատուցում։

Այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Խաչատրյանն ասաց, որ պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։  Ավետիսյանը խոստացել է, Խաչատրյանի փոխանցմամբ, համապատասխան զեկուցագրով դիմել է ՊՆ իրավաբանական վարչությանը՝ զորացրվելիս 15-ապատիկ միանվագ վճարի ստացման վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար. զեկուցագրի պատասխանը կտրվի եռօրյա ժամկետում։

«Իսկ արձակուրդային օրերի և շաբաթ օրերին աշխատելու դիմաց փոխհատուցման մասով ասաց, որ սպասեմ դատական գործերի ավարտին»,- ընդգծեց պահեստազորի մայորը։

Չնայած այս հանդիպմանը՝ Ցոլակ Խաչատրյանը շարունակելու է երեկ սկսած հացադուլը։ Հիշեցնենք, որ նա հունիսի 18-ին կրկին հացադուլ էր հայտարարել, սակայն հաջորդ օրը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպելուց հետո դադարեցրել էր։ Վարչապետի օգնականը հորդորել էր դադարեցնել այն՝ նշելով, որ նրա բարձրացրած խնդիրը լուծվող է։