Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» լիովին վերականգնվել է պարտությունից հետո. Վարդան Մինասյան (տեսանյութ)

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ չեմպիոնների լիգայում ԱԻԿ-ից պարտություն կրելուց հետո թիմը լիովին վերականգնվել է եւ պատրաստ է Եվրոպայի լիգայի «Լինկոլնի» հետ վաղվա հանդիպմանը:

«Ճիշտ է, թիմի մոտ ափսոսանքի զգացում կա, ելնելով նախորդ երկու խաղերի սցենարից: Սակայն ֆուտբոլիստներն արդեն լիովին վերականգնվել են, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Ինչ վերաբերում է վաղը կայանալիք խաղին, ապա լավ ուսումնասիրել ենք մրցակցին. շատ աշխատասեր թիմ է, 90 րոպե անմնացորդ նվիրվում են խաղին, երբեք թեւաթափ չեն լինում եւ գլուխները չեն կախում, ուստի մրցակցին թերագնահատելու մասին անգամ ավելորդ է խոսելը», - այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը:

Վարդան Մինասյանը նաեւ ասաց, որ թիմում չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ եւ բոլորը պատրաստ են վաղվա հանդիպմանը: Այն տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ժամը 19:00-ին:

Հաջողության հասնելու դեպքում «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի 3-րդ փուլում կհանդիպի «Սաբուրթալո» (Վրաստան) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) զույգի հաղթողի հետ: