Կառավարությունն այդպես էլ չմշակեց հստակ բնապահպանական հայեցակարգ․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով վերջին օրերին Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց, որ մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունն այդպես էլ չմշակեց հստակ բնապահպանական հայեցակարգ․
«Փաստացի չունենալով հայեցակարգ՝ հատվածային մոտեցում է ցուցաբերվել, և այդպիսի մոտեցումը հարցը չի կարգավորել։ Մարդիկ կարիք ունեն գումար վաստակելու, մյուս կողմից՝ մենք լուրջ բնապահպանական խնդիր ունենք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ իրավապահները պետք է փոխեն մոտեցումները, քանի որ, ըստ նրա, գնացել էին խնդրի հետևից և ոչ թե լուծման ճանապարհով։
Արձագանքելով վարչապետի այն հայտարարությանը, թե ծառահատումների հետևում կանգնած են որոշ մարդիկ, ովքեր միշտ իրենց տեղում են եղել՝ տիկին Փոստանջյանն ասաց․
«Դա իրավապահ մարմինների և կառավարության խնդիրն է, որովհետև նրանք լիարժեք տիրապետում են բոլոր լծակներին։ Այս մասին բարձրաձայնելով՝ նրանք խաբում են հանրությանը»։
Ըստ Փոստանջյանի՝ եթե կան այդպիսի մարդիկ, պետք է բացահայտվեն և կանչվեն պատասխանատվության։ Ասում է՝ եթե այդ մարդկանց անունները հայտնի են Նիկոլ Փաշինյանին, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկի այդ մարդկանց, հակառակ դեպքում «մենք կարող ենք ենթադրել, որ նա ցանկանում է այդ ապօրինի ձեռնարկատիրությունը իրենց ձեռքից վերցնել և դարձնել իր ձեռնարկատիրությունը»։