Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130944
A A
Հասարակություն

«ՃՏՊ-ների հետեւանքով Հայաստանում տարեկան 250-300 մարդ է մահանում» (տեսանյութ)

Ճանապարհային անվտանգության հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանին  կից աշխատանքային խումբ կստեղծվի ։ Հանդիպումները տեղի կունենան ամիսը մեկ անգամ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Օրերս Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ոլորտի մասնագետները քննարկել են, թե ինչ բարեփոխումներ պետք է արվեն  ճանապարհային անվտանգության ոլորտում:

Քննարկվել են ոստիկանական շրջիկ մեքենաների ավելացման, բալային համակարգի ներդրման, հանրային վերահսկողության հարցերը, ճանապարհային անվտանգության համալիր լուծման տարբերակներ:

Պարոն Գաբրելյանը նկատեց, որ  քաղաքացիները նույնպես չպետք է անտարբեր լինեն, կոլեկտիվ պատասխանատվության գիտակցությունը պետք է բարձրանա:

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանի խոսքով՝ խնդրին պետք է լուծումներ տալ, որպեսզի արդյունքը  կարճ ժամանակներում երեւա:

«Բալային համակարգը պատժի միջոց է, որ կարգազանց վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից։ Մենք խոսում ենք վարորդների մասին, բայց մոռանում ենք հետիոտների մասին։ Մենք պետք է ունենանք ներող ճանապարհներ, որ եթե վարորդը սխալ կատարեց, ապա զոհ չլինի։ Եթե չկա քաղաքական մոտեցում, քաղաքական կամք, այս հարցին լուծում չի լինի։ Ամեն տարի ամբողջ աշխարհում 1,3 մլն մարդ վթարներից զոհվում է»,-ասաց պարոն Շահինյանը։

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանը կողմ է բալային համակարգի ներդրմանը, սակայն կարծում է, որ եթե ՃՈ-ն պասիվ լինի, ապա ոչ մի բան չի փոխվի:

«Պետք է մոտիվացնենք ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանները օրական ստանում են 10 լիտր բենզին, որը քիչ է, եթե ասենք՝ որոշել է հետապնդել  կարգազանց վարորդին, եւ բենզինը վերջանա...։ Ոչ մի օրենսդրական նախագիծ չի աշխատի, եթե ՃՈ-ն  չաշխատի։ Վարորդների ներքին կուլտուրան պետք է զարգացնել։ Մենք ունենք մահացության ստատիստիկա, բայց  չունենք պատճառների ստատիստիկա»,-ասաց Լեւոն Հարությունյանը: 

ՃՏՊ-ների հետեւանքով Հայաստանում տարեկան 250-300 մարդ է մահանում։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ սեպտեմբերի առաջին նստաշրջանի ընթացքում  առաջին ընթերցմամբ կընդունվի  բալային համակարգի ներդրումը։