Բացել լրահոսը Փակել լրահոսը
35805_12_tavaracyan_M
A A
Հասարակություն

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները կդադարեցվե՞ն

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում  այսօր գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԲԴԽ ևս երկու գիտնական-անդամի՝ Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի հետ հուլիսի 18-ին ԲԴԽ նիստ են հրավիրել՝ ԲԴԽ դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

ՖԲ էջում հրապարակված նիստի հրավերի լուսանկարից տեղեկանում ենք, որ Տավարցյանը չի մասնակցել ԲԴԽ-ի՝ 2019 թվականին կայացած 2-ից ավելի նիստերին` հուլիսի 1-ին և հուլիսի 10-ին։

«Նախշուն Տավարացյանը մասնակցել է միայն 2015 թվականի հուլիսի 15-ի նիստին»,- նշված է նիստի հրավերի մեջ, իսկ հուլիսի 15-ին վերջինս որևէ հարգելի պատճառ չի ներկայացրել` վերոնշյալ 2 նիստերին չմասնակցելու։ Ինչպես նաև ԲԴԽ դատավոր-անդամը չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։

Հրապարակման մեջ նշված են այն հոդվածները, ըստ որոնց՝ առկա են ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերը։ Հոդված 86 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը՝

5.«տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում»

7.« առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում»

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 11-ին կայացել էր Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում երկու դատավոր՝ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանն ընտրվել ու երդվել էին ԲԴԽ դատավոր-անդամների պաշտոնում։

Նախշուն Տավարացյանը որպես ԲԴԽ անդամ նույնպես երդվել էր այդ նույն օրը, չնայած այն հանգամանքին, որ անդամի պաշտոնում ընտրվել էր դեռևս 2018 թվականի նոյեմբերին։

Երդվելուց հետո Տավարացյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր այդ քայլն իր իրավունքն է և օրենքի պահանջը, որից օգտվել է։ «Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, դա իրենց խնդիրն է»,- շեշտել էր նա:

Նրա այս քայլը որոշակի հարցեր են առաջացրել թե՛ որոշ պատգամավորների, թե՛ որոշ իրավաբանների շրջանում։ ԲԴԽ անդամ-դատավորի մեկ այլ թեկնածու, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը (այդ օրը չընտրվեց՝ հավաքելով 70 ձայն) լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դեմ էր Նախշուն Տավարացյանը երդվելուն:

Նա բացասական էր ընդունել Տավարացյանի երդվելու որոշումը։ «Երբ տիկին Տավարացյանը մոտեցավ ամբիոնին, որ երդվի, ես դուրս եկա դահլիճից: Ես կարծում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել, բայց ինքը հրաժարվել էր ստանձնել պարտականությունը։ Ինքն անորոշության մեջ է թողել դատական համակարգը»,- ընդգծել էր դատավորը։