Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-g5W8MXXGyM
A A
Հասարակություն

Դատավոր Նախշուն Տավարացյանը պատրաստ է վեթինգի ենթարկվել

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը պատրաստ է վեթինգի ենթարկվել։ Նա այ մասին ասաց լրագրողներին դատավորների ընդհանուր ժողովի ընդմիջման ժամանակ:

Նախշուն Տավարացյանը պատրաստ է երդվել ԲԴԽ անդամի պաշտոնում, մինչդեռ 9 ամիս առաջ, ընտրվելուց հետո, նա հրաժարվել էր դառնալ ԲԴԽ անդամ։ Հարցին, թե այդ դեպքում կարո՞ղ է դառնալ ԲԴԽ անդամ, նա ասաց. «Դա իմ իրավունքն է և օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ։ Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, դա իրենց խնդիրն է»:

Դատավորը նաև անդրադարձավ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, որ՝ եթե Նախշուն Տավարացյանը երդվի, նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

«Ցավում եմ, որ տիկին Հովհաննիսյանն է նման հայտարարությամբ հանդես եկել, որովհետև ես նրան՝ որպես իրավաբանի, միշտ բարձր եմ գնահատել, այսօր էլ եմ բարձր գնահատում: Նրա հայտարարությունը կարող է՝ պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակները բարելավելու համար»,- ասաց նա: Նախշուն Տավարացյանը Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի տեսնում, ինչի մասին բարձրաձայնել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: