Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2019-ից առաջ Արթուր Ոսկանյանին միայն մեկ հարց է մտահոգում (տեսանյութ)

Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան - Իսպանիա խաղով կմեկնարկի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019թ առաջնության եզրափակիչ փուլը:

Բացման խաղի նախօրեին, ըստ կանոնակարգի, կայացավ Ա խմբի բոլոր մարզիչների հանդիպումը լրագրողների հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ասաց, որ թիմի ֆուտբոլիստները լիովին պատրաստ են առաջիկա խաղերին:

«Տղաները եւ ֆիզիկապես, եւ հոգեպես պատրաստ են առաջնությանը: Մենք շատ լավ ուսումնասիրել ենք բոլոր երեք մրցակիցներին: Իսպանիան ու Պորտուգալիան համարյա նույն խաղաոճի ֆուտբոլ են ցուցադրում: Իտալիան ֆիզիկապես ավելի ուժեղ է, տակտիկապես գրագետ է խաղում: Մենք արդեն գիտենք, թե որ մրցակցի դեմ ինչպիսի մարտավարություն է պետք ընտրել», - իր ելույթի սկզբում ասաց մարզիչը:

Արթուր Ոսկանյանին մտահոգում է միայն այն հանգամանքը, որ մեր ֆուտբոլիստները շատ քիչ են մասնակցում բարձրագույն խմբի խաղերին եւ ուժեղ մրցակիցների դեմ խաղալու փորձ չունեն:

«Ցավոք, մեր ակումբներում սկսել են չվստահել պատանի ֆուտբոլիստներին, ինչը փոխանցվում է հենց խաղացողներին, որոնք արդեն չեն հավատում, որ կարող են խաղալ փորձառու մրցակիցների դեմ: Դրա համար ուսհավաքի ժամանակ օրական երկու ծանր մարզումներ ենք անցկացրել, որպեսզի ֆուտբոլիստները պատրաստ լինեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես եւ վստահ լինեն իրենց ուժերին», - նշեց մասնագետը:

«Ա1+»-ի այն հարցին, թե մարզիչն ինչպես է պատրաստվում լուծել ֆուտոլիստների ծանրաբեռնվածության հարցը, քանի որ երեք օրը մեկ խաղ են անցկացնելու, Արթուր Ոսկանյանն ասաց. «Մեր բժշկական կազմը շատ մեծ է: Շնորհակալություն մեր բժիշկներին, քանի որ այս ընթացքում նրանք մարզումներն այնպես են կազմակերպել, որը նման էր առաջիկա խաղերին, այսինքն, մենք այնպիսի ֆիզիկական աշխատանքներ էինք տալիս ֆուտբոլիստներին, որ նրանք օրգանիզմը պատրաստ լինի երեքօրյա խաղերի ռիթմին: Համոզված եմ, որ մեր բժիշկներն ու մերսողներն ամեն ինչ կանեն խաղերից հետո, որ տղաները հասցնեն վերականգնել ուժերը», - ասաց Արթուր Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019թ առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 14-ից մինչեւ հուլիսի 27-ը: Ա խմբում Հայաստանի Մ-19 հավաքականի հետ հանդես կգան Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի այդ տարիքային թիմերը, իսկ Բ խմբում ընդգրկված են Ֆրանսիան, Չեխիան, Իռլանդիան ու Նորվեգիան:

Խաղերի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, «Բանանց» մարզադպրոցում եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը 200 եւ 500 դրամ է: