Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը բաց մարզում անցկացրեց

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը, որը պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարին, այսօր առավոտյան բաց մարզում անցկացրեց:

Դրան մասնակցեցին 23 ֆուտբոլիստ: Բացակայում էր միայն Սարգիս Մարտիրոսյանը, որը «Լոռիի» հետ ընկերական խաղում (0:0) ծնկի թեթեւակի վնասվածք է ստացել եւ դեռ չի հասցրել ապաքինվել:

Պարապմունքից հետո թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

«Թիմը պատրաստ է առաջիկա խաղերին, քանի որ հունիսի 26-ից սկսած հավաք ենք անցկացնում եւ դրա ընթացքում տղաներին միշտ շեշտել ենք, որ նրանք շատ պատասխանատու առաջնության են մասնակցելու ու իրենց վրա մեծ պարտականություն է դրված: Ընթացքում երկու ընկերական հանդիպում անցկացրինք Հայաստանի բարձրագույն խմբի երկու ուժեղագույն թիմերի՝ «Ալաշկերտի» եւ «Լոռիի» հետ: Այդ խաղերում տղաները ցույց տվեցին, որ պատրաստ են հոգեբանորեն եւ անգամ կարող են հավասար-հավասարի հետ պայքար մղել իրենցից փորձառու խաղացողների հետ: Ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, պարզապես նրանց պետք է ճիշտ ճանապարհ ցույց տանք եւ վստահություն ներշնչել: Աննուններ չեմ ուզում տալ, սակայն նրանցից մի  քանիսն այժմ էլ հանգիստ կարող են հանդես գալ արտասահմանյան թիմերում», - ասաց Արթուր Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի է ունենալու Երեւանում, հուլիսի 14-27-ը: Հայաստանի պատանեկան հավաքականը առաջին խաղում կընդունի Իսպանիայի այդ տարիքանյին թիմին: Այդ խաղը կկայանա հուլիսի 14-ին, ժամը 18:30-ին, «Հանրապետական» մարզադաշտում: