Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժիրայր Ավանյան (1)
A A
Հասարակություն

 «Դոլմամա»-ի սեփականատերը շարունակելու է պայքարը (տեսանյութ)

Երևանի հանրահայտ ռեստորաններից մեկը՝  Ժիրայր Ավանյանի կողմից հիմնադրված ու ղեկավարվող «Դոլմամա»-ն շարունակում է մնալ ապամոնտաժման վտանգի տակ։

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի ևս մեկ վճռով Ավանյանը երկու ամսվա ընթացքում տարածքը պետք է ազատի և հանձնի գործարար Սամվել Մայրապետյանի կողմից տնօրինվող «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիրապետմանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո «Դոլմամա»-ի սեփականատերը  նույնիսկ նամակով դիմել էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում, մասնավորապես նշված էր, որ երկրում դեռևս շարունակվում է մի ապօրինի գործընթաց, որը շատ է խոչընդոտելու գործարար համայնքին ձեռք բերելու անհրաժեշտ բիզնես մթնոլորտի բարելավման համար վստահություն։ Ըստ Ավանյանի՝ Հայաստանում որքան գործի «հանրային գերակա շահ» հորջորջվող կողոպուտի տեսակը, սեփականության անձեռնմխելիությունը չի հաստատվի որպես գերակա իրավունք, իսկ իրեն շատ դժվար կլինի հորդորել կամ աջակցել օտարերկրյա կամ սփյուռքահայ ներդրողին Հայաստանում ներդրում անելու համար:

Նույն թվականի հուլիսի 2-ին Փաշինյանին հասցեագրված նամակով դիմել էին նաև բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի հետևյալ հասցեներում բնակվող բնակիչները. 33-րդ թաղամասի և Տերյան 25, Բելյակով 9, 9/1, Նալբանդյան նրբ.9/1, Պուշկինի 4, 4/24, 8, 10,  Տերյան 23։ Նրանց նամակում նշված է եղել, որ  2000 թվականից սկսած, ՀՀ Կառավարությունը, քողարկվելով «Պետական կարիքներ»  և հետագայում «բացառիկ գերակա հանրային շահ» բառակապակցություններով հորինված գաղափարախոսությամբ, իրականում սպասարկել է օլիգարխիկ վերնախավի շահերը։

Բնակիչները խնդրել էին կասեցնել ՀՀ Կառավարության  բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր որոշումները, և հանձնարարել Պետական  վերահսկողական ծառայությանը իրականացնել ստուգումներ՝ պարզելու որոշումների իրավաչափությունը։

«Ա1+»-ի հետ զրույցում Ավանյանն ասաց, որ շարունակելու է պայքարել և չի պատրաստվում լքել Պուշկինում տեղակայված իր սեփականությունը։ «Միևնույն է, չեմ տալու էս տարածքը։ Պայքարելու եմ»,- շեշտեց նա։

Մանրամասները տեսանյութում