Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia - aik
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կխախտի՞ հայկական ակումբների տխուր ավանդույթը

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» այսօր իր առաջին հանդիպումը կանցկացնի չեմպիոնների լիգայում: Մեր թիմը որակավորման առաջին փուլի շրջանակում կընդունի Շվեդիայի 2018թ չեմպիոն Ստոկհոլմի ԱԻԿ-ին։

«Արարատ-Արմենիան» Հայաստանի թվով 8-րդ ակումբն է, որը մեր հանրապետությունը կներկայացնի եվրոպական ակումբների գլխավոր մրցաշարում: Չեմպիոնների լիգայում բոլորից շատ հանդես է եկել Երեւանի «Փյունիկը»՝ 12 անգամ: Մնացած 6 թիմերը միասին մասնակցել են 10 մրցաշարերի:

Հարկ է նշել, որ Հայաստանի ակումբները նախկինում անհաջող են մեկնարկել Չեմպիոնների լիգայում. 22 մեկնարկային խաղերում մերոնք տարել են ընդամենը 5 հաղթանակ: Վերջին անգամ դա հաջողվել է «Ալաշկերտին», 2017թ, երբ Երեւանում 1:0 հաշվով առավելության է հասել Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» նկատմամբ:

Ի դեպ, Հայաստանի չեմպիոններից ոչ մեկն իր նորամուտը լիգայում չի կարողացել նշել հաղթանակով: Ավելին, այդ խաղերում գոլ խփել հաջողվել է միայն «Շիրակին»՝ 19 տարի առաջ:

1997-1998թթ՝ «Փյունիկ» - ՄՏԿ՝ 0:2

1998-1999թթ՝ ՀԻԿ - «Երեւան»՝ 2:0

1999-2000թթ՝ «Ժալգիրիս» - «Ցեմենտ»՝ 2:0

2000-2001թթ՝ «Շիրակ» - ԲԱՏԷ՝ 1:1

2012-2013թթ՝ «Ուլիս» - «Շերիֆ»՝ 0:1

2014-2015թթ՝ «Սանտա Կոլոմա» - «Բանանց»՝ 1:0

2016-2017թթ՝ «Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ»՝ 0:0

Այն, թե ինչպիսին կլինի «Արարատ-Արմենիայի» նորամուտը չեմպիոնների լիգայում, պարզ կդառնա այսօր երեկոյան, ԱԻԿ-ի հետ խաղի ավարտից հետո: Հավելենք, որ բուքմեյքերական գրասենյակները խաղի ֆավորիտ են համարում շվեդական թիմին, որի հաղթանակը գնահատում են 1.70 գործակիցով։ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը հավասար է 5.20 գործակից, ոչ-ոքին՝ 3.50։

«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպումը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում եւ կմեկնարկի ժամը 18։00-ին։