Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+real beyl 9.07.
A A
Սպորտ

Գարեթ Բեյլն այդպես էլ «թագավոր» չդարձավ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» երկպագուները վիրավորական բացականչություններով են դիմավորել թիմի հարձակվող Գարեթ Բեյլին, երբ վերջինս նոր մրցաշրջանից առաջ առաջին անգամ ժամանել է ակումբի մարզաբազա:

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, թագավորական ակումբի համակիրները ոչ միայն դժգոհ են ուելսցի ֆուտբոլիստի նախորդ մրցաշրջանի ելույթներից (42 հանդիպում, 14՝ գոլ), այլեւ՝ պահվածքից: Բանն այն է, որ Գարեթ Բեյլը հաճախ խախտել է թիմի ներքին կարգապահությունը, խաղից հետո անմիջապես հեռացել է հանդերձարանից, չի մասնակցել թիմային միջոցառումներին եւ այլն:

Վերջին շրջանում նրա գործակալը լուրեր է տարածել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են բազմաթիվ ակումբներ, ուստի նա ցանկացած պահին կարող է լքել «Ռեալը»: Դա էլ ավելի է զայրացրել «թագավորական ակումբի» երկրպագուներին, որոնք Գարեթ Բեյլին սոցցանցերում անվանել են անշնորհակալ:

Նշենք, որ ուելսցի ֆուտբոլիստը Մադրիդ է տեղափոխվել 2013թ, Լոնդոնի «Տոտենհեմից»: Այդ տարիների ընթացքում նա թիմին օգնել է չորս անգամ հաղթել չեմպիոնների լիգայում, նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Սակայն, նա այդպես էլ չի արժանացել երկրպագուների հարգանքին ու սիրուն, այսինքն՝ չի կարողացել դառնալ «թագավոր»:

Զարմանալի չէ, որ «Ռեալի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն որոշել են այս ամռանը վաճառել ֆուտբոլիստին: Առայժմ ոչ մի կոնկրետ առաջարկություն չկա որեւէ ակումբից, չնայած նրա գործակալը լրիվ հակառակ հայտարարություններ է անում: