Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«ԱՒԿ-ը առավելություն ունի «Արարատ-Արմենիայի» նկատմամբ. Վարդան Մինասյան

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր անցկացրեց իր վերջին նախաղաղային մարզումը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի անդրանիկ հանդիպումից առաջ:

Պարապմունքին մասնակցեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները: Ինչպես հայտնեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, խաղացողները դեռեւս տարբեր մարզվածության աստիճանում են գտնվում:

«Ֆուտբոլիստներ կան, որ հավաքականից են վերադարձել, ոմանք քիչ են հանգստացել: Նորեկներն էլ, երբ եկան թիմ, տարբեր մարզավիճակում էին գտնվում: Պարապմունքներին մենք փորձել ենք հնարավորության սահմաններում բոլորին բերել մեկ խաղամակարդակի վրա, սակայն մեկ խաղի համար չենք ցանկանում ամեն ինչ արագացնել ու հետո խնդիրներ ունենալ», - նշեց Հայաստանի չեմպիոնի մարզիչը:

Խոսելով վաղվա մրցակցի՝ Ստոկհոլմի ԱԻԿ-ի մասին, Վարդան Մինասյանն ասաց, որ իրենք լիովին ուսումնասիրել են հակառակորդին եւ ամեն ինչ կանեն ուժեղ կողմերը նվազագույնի հասցնելու համար:

«ԱՒԿ-ը արագաուժային ոճի թիմ է, 90 րոպե ինտենսիվ ֆուտբոլ է ցուցադրում: Բացի այդ, նրանք առավելություն ունեն, քանի որ իրենց առաջնությունն այժմ ընթացքի մեջ է գտնվում եւ ֆուտբոլսիտները խաղային տոնուսի մեջ են», - առանձնացրեց փորձառու մասնագետը:

Վարդան Մինասյանը վերջում նշեց, որ վաղվա խաղն կարեւոր նշանակություն ունի հենց ակումբի համար, քանի որ այն նոր է ստեղծվել եւ առաջին քայլերն է կատարում եվրոպական մրցաասպարեզում, ուստի անչափ կարեւոր է երկրպագուների ներկայությունն ու աջակցությունը:

Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ժամը 18:00-ին: