Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hovivyan 8.07.
A A
Սպորտ

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938թ նոյեմբերի 17-ին, Սուխումում: 17-ը չբոլորած՝ նա խաղացել է տեղի ակումբում։ 1957-ին փորձաշրջան է անցել Քութայիսի «Լոկոմոտիվում», սակայն հրավեր է ստացել Երեւանի «Սպարտակից» եւ տեղափոխվել Հայաստան: Հանդես է եկել «Սպարտակում», որը 1963 թվականին վերանվանվել է «Արարատ», ինչպես նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ում եւ «Սպարտակում»: 1969թ ավարտել է ելույթները:

1970-1972թթ Սարգիս Հովիվյանը եղել է Գյումրիի «Շիրակ», ապա Վանաձորի «Լոռիի» թիմերի ավագ մարզիչը, 1972-1978թթ՝ Երեւանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1980-1981թթ աշխատել է Երեւանի «Արարատում»՝ որպես մարզիչ: 1982-1984թթ գլխավորել է Արտաշատի «Օլիմպիա» եւ Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերը: 1988-1989թթ եղել է ՀԽՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ: 2001-2004թթ գլխավորել է Հայաստանի պատանեկան հավաքականը։

Երեւանի «Սպարտակի» եւ «Արարատի» կազմում նա ԽՍՀՄ բարձրագույն խմբում անցկացրել է 147 խաղ, խփել 28 գոլ։

«Արարատ» ՖԱ-ն ցավակցել է լեգենդար խաղացողի ընտանիքի անդամներին, ընկերներին եւ հարազատներին: