Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայկական ֆուտբոլի նվիրյալ Գագիկ Վարդանյանը 70 տարեկան է

Հայկական ֆուտբոլի նվիրյալներից մեկը՝ Գագիկ Վարդանյանը, ինչպես եւ ակնկալվում էր, իր 70-ամյակը նշեց խաղադաշտում:

Երեւանի «Դինամո» ֆուտբոլային թիմի երկարամյա, կարելի է ասել, անփոխարինելի գլխավոր մարզիչը, իր նախկին սաներից կազմված թիմով, որոնք արդեն վետերաններ են, ընկերական խաղ անցկացրեց ոստիկանության ներկայիս հավաքական թիմի հետ, որի խորհրդատու մարզիչը հենց ինքն է: Ոստիկան-ֆուտբոլիստներն «անգութ» գտնվեցին եւ հաղթեցին 6:1 խոշոր հաշվով: Գագիկ Վարդանյանը նույնպես անակնկալի էր եկել եւ չէր սպասում նման անհավասար պայքարի:

Խոսելով իր անցած ֆուտբոլային ուղու մասին՝ Երեւանի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչը ցավով փաստեց, որ հայկական ֆուտբոլում այսօր այլեւս չկա դինամոյական հասկացությունը:

«1977թ ես աշխատում եմ ներքին գործերի համակարգում: Այդ տարիներին միաժամանակ խաղացել եմ «Դինամո» ֆուտբոլային թիմում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անմիջապես անցել եմ մարզչական աշխատանքի: 1990թ «Արարատից» հետո մենք ստեղծեցինք ֆուտբոլային երկրորդ ակումբը Հայաստանում: Սկսեցինք հանդես գալ հանրապետության առաջնությունում: 1992-2007թ «Դինամոն» առանց ընդմիջման խաղացել է Հայաստանի 1-ին խմբում: Այդ ընթացքում մեզ երկու անգամ պարզապես «սնանկացրել» են: Մեր ֆուտբոլիստներն առանց որեւէ փոխհատուցման նախ տեղափոխվել են «Երեւան», ապա ներքին զորքերին պատկանող «Դինամո-2000» թիմ, որոնք հանդես էին գալիս բարձրագույն խմբում: Ամեն անգամ ստիպված էինք 16-17 տարեկան ֆուտբոլիստներով համալրել թիմը: Մրցաշրջան-2007-ի ավարտից հետո «Դինամոն» անպատասխանատու ղեկավարների պատճառով լուծարվեց: Այդպիսով, առաջին խմբի «դրոշակակիրը» դադարեցրեց իր գոյությունը», - ցավով հիշում է մարզիչը:

Գագիկ Վարդանյանը հետագայում թեեւ զբաղվել է իր հիմնական մասնագիտությամբ՝ անչափահասների դաստիարակությամբ, սակայն մշտապես պահպանել է կապը ֆուտբոլի հետ: 2013-14թթ. մարզել է ոստիկանության հավաքական թիմը, որը հաջողությամբ մասնակցել է Վարչապետի գավաթի խաղարկությանը:

Գագիկ Վարդանյանը կողմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հանրապետության մարզերում ֆուտբոլի փոքր խաղադաշտեր կառուցելու քաղաքականության հետ, բայց փորձառու մասնագետը միաժամանակ կարծում է, որ ՀՖՖ-ն պետք է էլ ավելի շատ մանկապատանեկան մրցաշարեր անցկացնի, քան այժմ կան:

«Որքան շատ մրցաշարեր կազմակերպենք երեխաների համար, այնքան շատ ֆուտբոլիստներ կկարողանանք պատրաստել մեծ ֆուտբոլի համար: Օրինակ, նախկինում մեր ակումբները հուշամրցաշարեր էին անցկացնում երեխաների մասնակցությամբ: Այսօր դրանք չկան: Ցանկալի կլինի, որ այդ մրցաշարերը վերականգնվեն, ստեղծվեն նորերը: Վերջին հաշվով, այդ մրցաշարերում երեխաներն առաջին մրցակցային փորձն են ձեռք բերում, բացի այդ, նրանք պատկերացում են կազմում նաեւ մեր ֆուտբոլային լեգենդների մասին», - նշում է փորձառու մարզիչը:

Այժմ լինելով Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահը՝ 70-ը բոլորած մասնագետը մշտապես ֆուտբոլային մրցաշարեր է կազմակերպում դպրոցականների համար՝ փորձելով վերջիններիս մոտ սեր առաջացնել կաշվե գնդակի նկատմամբ, բացի այդ զբաղվելով անչափահասների դաստիարակության խնդիրներով: