Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190706_135013
A A
Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը մեկնարկում է․ անցկացման ձևաչափի մեջ փոփոխություններ կան

Կազմակերպչական նոր երիտասարդ կազմ, նոր մոտեցում: Վաղը մեկնարկում է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, և փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի կան որոշակի փոփոխություններ անցկացման ձևաչափի մեջ:

Նախ առաջին անգամ բացման արարողությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում՝ հնարավոր «պատերազմներից» խուսափելու համար:

«Մոսկվա կինոթատրոնի 500 տեղանոց կամ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 1000 տեղանոց դահլիճները, որտեղ տարիներ անցել է փառատոնի բացումը, հնարավորություն չունի տեղավորել բոլոր հրավիրյալներին: Անգամ այս դեպքում, երբ դահլիճը նախատեսված է 2200 անձի համար, հրավիրատոմսերն արդեն սպառված են», - ասաց փառատոնի տնօրենը:

Բացման արարողակարգը կսկսվի 17.30: Կարմիր գորգի մասնակիցները, ինչպես և անխտիր բոլոր ներկաները, պետք է լինեն երեկոյան զգեստներով: Դրես կոդը վերաբերվելու է նաև լրագրողներին, օպերատորներին ու լուսանկարիչներին:

«Ոչ մի ջինս ու բոթաս», -նախազգուշացրեցին կազմակերպիչները: Ավելին՝ նկարահանման կետերը լինելու են միայն որոշակի հատվածներում:

Խստացումներ են սպասվում նաև կինոդիտումների ժամանակ: Ֆիլմը սկսվելուց անմիջապես հետո դահլիճների դռները փակվելու են, և ուշացողները կկորցնեն գնված տոմսերը: Տոմսերի արժեքն է՝ մինչև ժամը 18.00-ն՝ 1000 դրամ, երեկոյան սեանսները՝ 2000 դրամ: Տոմսը օնլայն idram-ի միջոցով գնելու դեպքում գնորդը 50 տոկոսի վերադարձի հնարավորություն կստանա:

Ինֆորմացիոն երեք կետեր են տեղադրված սպիտակ վրանների տեսքով՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում և Ազատության հրապարակի մոտ, որտեղ, բացի տեղեկատվությունից, ցանկացողները կարող են գնել հուշանվերներ:

Բացման ֆիլմը Կաննի փառատոնին «Ոսկե արմավի» արժանացած հարավ-կորեական «Մակաբույծները» ֆիլմն է լինելու:

-Փակման ֆիլմը,- հումորով նշեց Կարեն Ավետիսյանը, - ոչ ոք չգիտի, քանի որ հաղթող ֆիլմը պետք է ցուցադրվի:

Կլինի նաև բացօթյա երեք ցուցադրություն «Մոսկվա կինոթատրոնի» ամառային դահլիճում: Սա նաև ինքնատիպ ակցիա է դահլիճի բարեկարգման՝ արդեն տարիներ չլուծվող խնդրի վրա հանրության ուշադրություն գրավելու:

Ինչպես անցյալ փառատոնին, այնպես էլ այս անգամ, ծիրանօրհնեքի արարողություն չի անցկացվի: