Վահե Գրիգորյանի նամակը պետք է իրավական գնահատականի արժանանա. սահմանադրագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրագետ Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակին, նշեց, որ այն իրավական խնդիրներ է պարունակում եւ պետք է իրավական գնահատականի արժանանա, քանի որ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր զսպվածության մեխանիզմներով է կաշկանդված և չի կարող քաղաքական հայտարարություններ անել։
«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին հորդորելուն, որպեսզի հրաժարական տան, ապա դա առնվազն հակասահմանադրական է։ Պատահական չէ, որ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր շատ խիստ զսպվածության մեխանիզմներով է կաշկանդված, չի կարող քաղաքական հայտարարություններ անել։ Սա զսպվածության պահանջի խախտում է»,- նշեց նա։
Սահմանադրագետը, շնորհավորելով Սահմանադրության օրը. հույս է հայտնում, որ որոշ ժամանակ անց այս տոնն ավելի շատ կկարևորվի՝ որպես պետական կարևորագույն տոն, քանի որ այն ՀՀ իրավականության և ժողովրդավարության պետական երաշխիքն է։
Արամ Վարդևանյանը նշում է, որ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունն անթերի չէր, բայց այն փաստաթուղթն էր, որը ստեղծեց սահմանադրական մշակույթը, ինչը դեռևս պետք է կատարելագործվեր։ Նրա կարծիքով՝ 2005 թվականի Սահմանադրությունը մեծ քայլ էր դեպի ժողովրդավարություն։
Այսօր ունենք որակապես բարձր մակարդակի Սահմանադրություն, բայց Վարդևանյանի խոսքով, այն կատարյալ համարել չենք կարող։