Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Բերտոլուչիի «Երազողները», Բրեխտն ու «Սուսերով պարը»՝ «Ոսկե ծիրանում»

Այն, որ «Ոսկե ծիրանը» տարածաշրջանի թերևս ամենանշանակալի և հեռանկարային փառատոնն է, համամիտ են փառատոնի հետ համագործակցող Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների դեսպաններն ու ներկայացուցիչները:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի խոսքով, «Ոսկե ծիրանի» համբավը  դուրս է եկել երկրի սահմաններից և փառատոնի մասին լավատեղյակեն Իտալիայում, նաև վստահ է, որ այլ երկրներում ևս:

Հուլիսի 7-14-ն անցկացվելիք 16-րդ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կիրականացվեն համատեղ ծրագրերը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան արտակարգ և լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոթը վստահեցրեց, որ կարևորում է իրենց մասնակցությունը փառատոնին և ուրախ է հայտնել, որ փառատոնի շրջանակում ցուցադրվող 110 ֆիմից 23-ը ֆրանսիական, կամ եվրոպական այլ երկրների հետ համատեղ արտադրության ֆիլմեր են:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:

 Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության չորսօրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կներկայացվեն հինգ ֆիլմեր, այդ թվում՝ Վիմ Վենդերսի Ֆրանցիկոս պապին նվիրված ֆիլմը և Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության չորսօրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:

Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ կիրականացվի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրիում: Այս մասին հայտնեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

Բացման ֆիլմը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմն է:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը:

Ծրագրի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ կինոմասնագետների և հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը՝ լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը: Ի դեպ, Հասի «Հրաժեշտներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում:

Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին «Առողջարան «Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին:

Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ հարգանքի տուրք կմատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին: Կցուցադրվի նրա «Երազողները» ֆիլմը:

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամերտաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:

Շվեդիայի դեսպանության հետ համատեղ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի Women in Film and Television International-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, ով հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:

Կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը՝ «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ: Հուլիսի 9-ին Էլիզաբեթ Քարլսենը Փարաջանովի թանգարանում կհանդիպի կինոգործիչների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակ: