Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Միշել Պլատինին կկանգնի դատարանի առաջ (տեսանյութ)

Փարիզի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, անվանի ֆուտբոլիստ Միշել Պլատինիին: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նա կասկածվում է 2022թ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության ժամանակ կաշառք վերցնելու եւ իր ձայնը վաճառելու մեջ:

Հետաքննությունը, որը վարում է Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը, սկսվել է դեռեւս 2016 թվականին: Միշել Պլատինին 2017թ արդեն մեկ անգամ հարցաքնվել է, բայց՝ որպես վկա:

Նրանից բացի ձերբակալվել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի խորհրդատու Սոֆի Դիոնը, իսկ քաղաքական գործիչ Կլոդ Գեանն այս գործում առայժմ ընդգրկված է որպես վկա:

Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, Քաթարի կառավարությունը ՖԻՖԱ-ի հետ 880 մլն դոլարի պայմանագիր է կնքել, որից 100մլն դոլարը միջազգային ֆեդերացիան ստացել է միայն այն բանի համար, որ այդ երկիրը հաղթել է աշխարհի առաջնության վայրի ընտրության ժամանակ: Միշել Պլատինին ընտրություններից առաջ բազմիցս հանդիպել է քաթարցիների հետ, ինչը անգլիացիներին կասկածելու տեղիք է տվել:

Հավելենք, որ հենց սույն գործի պատճառով 2015 թվականին հրաժարական էին տվել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու ՈՒԵՖԱ-Ի նախագահ Միշել Պլատինին: