Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrocups
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլային ակումբների նախնական մրցակիցները հայտնի են

Այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կկայանան Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունները:

Հայաստանի ֆուտբոլային այն ակումբները, որոնք անցած մրցաշրջանի արդյունքներով իրավունք են նվաճել մասնակցելու եվրոպական մրցաշարերին, այսօր կիմանան իրենց առաջիկա մրցակիցների անունները: ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայանալիք վիճակահանությամբ հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ եւ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի զույգերը:

Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան», բնականաբար, հայտնվել է ցածր վարկանիշ ունեցող թիմերի թվում, քանի որ առաջին անգամ է մասնակցում եվրոպական մրցաշարին: ՈՒԵՖԱ-ի կողմից կազմած նախնական վարկանիշով՝ մեր չեմպիոնի հավանական մրցակիցներ կարող են դառնալ հետեւյալ թիմերը՝ «Աստանա» (Ղազախստան), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Շկենդիա» (Հս.Մակեդոնիա), ԱԻԿ (Շվեդիա): Դրանցից առավել դյուրին մրցակիցը մակեդոնական ակումբն է, իսկ մյուսները բավականին փորձառու են եւ նախկինում անգամ մասնակցել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:

Եվրոպայի լիգայում հանդես եկող մեր թիմերի հավանական մրցակիցները որակավորման 1-ին փուլում նույնպես հայտնի են: Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկին» մրցակից կարող են բաժին հասնել ռումինական «Ունիվերսիտատեան», Մալթայի «Բալցանը», ալբանական «Լակին», մոլդովական «Պետրոկուբը» եւ էստոնական «Նարվա Տրանսը»:

Բրոնզե մեդալակիր «Բանանցի» հավականական մրցակիցները կարող են լինել «Տոբոլը» (Ղազախստան), «Կուկեշին» (Ալբանիա), «Ստյաուան» (Ռումինիա), «Չուկարիչկին» (Սերբիա) եւ «Մաքաբին» (Հայֆա, Իսրայել):

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի մեկնարկում հնարավոր է հանդիպի հետեւյալ թիմերից մեկի հետ՝ «Չիխուրա» (Վրաստան), «Ռիգա» (Լատվիա), «Հոնվեդ» (Հունգարիա), «Սկոպյե» (Հս.Մակեդոնիա), «Ռադնիկ» (Բոսնիա եւ Հերցեգովինա):

Հավելենք, որ վերը նշված փուլերի հանդիպումները կայանալու են հուլիսի 9-11-ին եւ հուլիսի 16-18-ին: