Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Մարմարաշենի խոզաբուծարանի գարշահոտությունը եթե չվերանա, հնարավոր է այն փակեն

Տնտեսություն
marmarashen

Այսօր առավոտյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները մի քանի ժամով փակել էին  Մարմարաշենից դեպի Մխչյան տանող գյուղամիջյան ճանապարհը։ Գյուղի խոզաբուծարանից տարածվում է գարշահոտություն, ինչի հետևանքով բնակիչների խոսքերով, իրենցից շատերի մոտ ալերգիայի ախտանիշներ են ի հայտ եկել։

Ըստ  բնակիչների՝   այդ խոզաբուծարանը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանին, որն առավել հայտնի է որպես «Չերիի Վահան»։ Չնայած այսօր նրանց հետ հանդիպման եկել  էր մեկ ուրիշը  որպես սեփականատեր։

Ճանապարհը փակելուց հետո այնտեղ են ժամանել մարզի ոստիկանության, մարզպետարանի աշխատակիցներ, ինչպես նաև սեփականատերը։

Գյուղացիների հետ ճանապարհը փակել է նաև Մարմարաշեն համանքի ղեկավարը։

«Ա1+»ը զրուցեց Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանի և Մարմարաշեն համայնքի ղեկավար էդուարդ Հակոբյանի հետ։

Լևոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համայնքի ղեկավարը՝ մարզպետարանի աջակցությամբ զբաղվի այդ հարցով։

«Տեղեկանալ, թե համապատասխան նորմատիվ ակտերով ինչէ արվել, ինչ չի արվել անասնագոմում, ինչ պիտի լինի, որ չկա, սեփականատիրոջը կառաջարկվի գործունեությունը համապատասխանեցնել նորմերին, իսկ չիրականացնելու դեպքում ավագանին կարող է  որոշում կայացնել, այն հանձնել համայնքի ղեկավարին, վերջինս էլ իր իրավասության  սահմաններում, օրենքին համապատասխան կարող է որոշում կայացնել դադարեցնել գործունեությունը։ Համայնքի ղեկավարը սեփականատիրոջը գրությունով պիտի դիմի, որ սեփականատերը միջոցներ ձեռնարկի, որպեսզի իր գործունեությունը շարունակի սանիտարահիգինեիկ, քաղաքաշինական նորմերին համապատասխան»,- ասաց Լևոն Գրիգորյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ պայմանավորվածությունը եղել է սեփականատիրոջ, համայնքի ղեկավարի և  բնակիչների միջև, և քանի որ խնդիր կար, մարզպետը հանձնարարական է տվել  տեղում լինել, տեսնել՝ ինչ  է  կատարվում և աջակցել։

«ժողովուրդը չի դիմանում հոտին, բայց պետք է նայենք, որ  ամեն դեպքում տնտեսվարող է, որը բավականին մեծ ներդրում է կատարել, աշխատատեղեր կան, նաև դա պիտի հաշվի առնենք։ Դա իմ անձնական կարծիքն է»,- իր խոսքն այսպես եզրափակեց Լևոն Գրիգորյանը։

Մեզ հետ զրույցում Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդուարդ Հակոբյանն, խոսելով այսօրվա բողոքի ակցիայի մասին, ասաց, որ ժողովուրդն այնքան էր բարկացել, որ որպես վերջին տարբերակ ցանկանում էին, որ խոզաբուծարանը  փակվի,  քանի որ գարշահոտությունը չի վերանում։

«Որոշակի ժամանակ սպասելուց հետո, երբ մարզպետարանի, ոստիկանության ու բնակիչների հետ քննարկում էինք առկա խնդիրը, այնտեղ եկավ Կատրինա Մինասյանը, որը ներկայացավ որպես սեփականատեր, նրան չէինք ճանաչում։ Ասաց՝ ես եմ սեփականատերը, և խոզաբուծարանն իր գործունեությունը կազմակերպում է բոլոր նորմերին համապատասխան, ոչ մեկին վնաս չեմ տալիս, սանէպիդկայանը, բնապահպանությունը, սննդի տեսչությունը եկել նայել են, ստուգել են, ոչինչ չեն ասել, այնպես որ մենք չենք խանգարում և բնակչությանը վնաս չենք տալիս։ Դա մեզ ավելի բարկացրեց և բնակիչներն ասացին, որ էլի ճանապարհ կփակեն»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։

Վերջինիս խոսքերով, այնուհետև, երկար բանակցելուց հետո, համաձայնության են եկել, որ երկուշաբթի օրվանից ինքը՝ որպես համայնքի ղեկավար, օրենքի սահմաններում պետք է սկսի զբաղվել խնդրի կարգավորմամբ։

Էդուարդ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ զրուցել է նաև մարզպետի հետ և վերջինս ասել է, որ իրենք կաջակցեն ինչով կարող են։

«Նորմերը որոշողը ավագանին չի, մենք մասնագետ չենք, կստեղծվի համապատասխան մասնագետներով համալրված հանձնաժողով, որոնք կստուգեն և կասեն, թե որ նորմը չի ապահովում, հետո  ժամանակ կտանք խոզաբուծարանին,  որ վերացնեն թերությունները, իսկ եթե ոչ՝ կորոշեն փակել։ Հանձնաժողովում կլինեն նաև խոզաբուծարանի ներկայացուցիչներ»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։

Նշենք նաև, որ խոզաբուծարանի հարևանությամբ գտնվող տների բնակիչները դժգոհում են ոչ միայն  գարշահոտությունից, այլև ճանճերի առատությունից։

Ի դեպ, հենց խոզաբուծարանի հարևանությամբ գտնվում է նաև գյուղի փոքրիկ հին մատուռը, որտեղ այնքան ճանճեր են լցվում, որ բնակիչները չեն կարողանում ներս մտնել և մոմ վառել։