Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ պետության մենաշնորհն է

Սպորտ

«Հայաստանում բասկետբոլի զարգացումը կապված է երկրի կառավարությունից ու շահագռգիռ կազմակերպություններից, այլ ոչ թե եվրոպական բասկետբոլի ֆեդերացիայից», - «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսին ասաց բասկետբոլի եվրոպական  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը:

«Բասկետբոլը զարգացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ մեծ թվով դահլիճներ, որտեղ կարելի է անցկացնել նորմալ մարզումներ: ՖԻԲԱ-ն երբեք չի զբաղվել նման կառույցների շինարարությամբ, սակայն եթե Հայաստանը մեզ պատրաստի մարզադահլիճներ տրամադրի, ապա մենք մեր հերթին կօգնենք մարզագույքով, վահաններով, զամբյուղներով, լուսաստախտակներով եւ այլն»,-ասաց նա:

Նշենք, որ ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը եւ գանձապահ Յան Բերտոլինգը ներկայումս աշխատանքային այցով գտնվում են Երեւանում: Նրանք 2 օրվա մեջ կձգտեն ծանոթանալ Հայաստանի բասկետբոլային ենթակառուցվածքների հետ:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, մեր հյուրերը երեկ եղել են «Միկայի» եւ «Շենգավիթի» մարզադահլիճներում: «Միկայի» մարզադահլիճից շատ գոհ մնացին նրանք, իսկ ահա «Շենգավիթը» տեսնելուց հետո պարզապես զարմացան, թե նման պայմաններում ընդհանրապես ինչպես են մարզումներ անցկացնում», - ավելացրեց Հրաչյա Ռոստոմյանը: Այսօր ՖԻԲԱ-Եվրոպայի ներկայացուցիչները կայցելեն «Դինամո» մարզադահլիճ եւ Մարզահամերգային համալիր:  

«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե եվրոպական որ երկիրն է վերջին տարիներին մեծ առաջընթաց ունեցել բասկետբոլում եւ ինչի հաշվին, Նառ Զանոլինն ասաց. «Միանշանակ Մակեդոնիան: Այդ երկիրն ունի բավական երիտասարդ ու ամբիցիոզ ղեկավարություն: Վերջին երկու տարվա ընթացքում երկրում կառուցվել է 135 բասկետբոլի դահլիճ, որոնցից 20-ն ունեն 1000 տեղանոց տրիբունաներ, 8-ը' 3-5 հազարանոց տրիբունաներ:  Արդյունքում, Մակեդոնիայի  տղամարդկանց հավաքականն այս տարի առաջին անգամ իրավունք նվաճեց մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Այդ երկիրը թեեւ ունի 2,2 մլն բնակչություն, այնքան էլ զարգացած չէ, ունի ֆինանսական խնդիրներ, բայց ի հաշիվ կառավարության տարած ճիշտ քաղաքականության, սպորտը, այդ թվում բասկետբոլը, արագ տեմպերով է զարգանում»:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նաեւ ասաց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է 2011 թվականին Հայաստանում բասկետբոլի Եվրոպայի պատանեկան առաջնություն կազմակերպելու հեռանկարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամեն ինչով օգնել միմյանց առաջնությունը Երեւանում անցկացնելու համար: