Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը։
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության զգալի, սակայն դեռևս լիովին չիրացված ներուժ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության ընթացքում հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ փոխադարձ պատրաստակամության և հետևողական աշխատանքի պարագայում երկրներն ունեն հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ և բազմաթիվ անելիքներ։
Իվան Օրլիչը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ընդգծելով իր և իր երկրի բարձր գնահատանքը Հայաստանի նկատմամբ։ Դեսպանը նշել է, որ Երևանից իր առաջին տպավորությունները շատ դրական են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ու քաղաքները բազմաթիվ նմանություններ ունեն։
Հանդիպման ընթացքում դրականորեն ընդգծվել է նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչի շրջանակում նշվել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ կրթության, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, ինչպես նաև այլ ոլորտներում։
Կողմերը կարևորել են փոխայցելությունների ակտիվացումը՝ հատուկ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ որպես միջպետական հարաբերությունների խորացման արդյունավետ միջոց։
Միաժամանակ անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրինացման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ուղիղ ավիաթռիչքների ներդրման պարագայում դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը, միմյանց ավելի լավ ճանաչելուն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտմանը, այդ թվում՝ գործարար միջավայրում կապերի և համագործակցության ակտիվացմանը։