Աղի բլիթ ուտելու գիշերն է․ Երեւանը՝ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պատմության թանգարանը բոլոր չամուսնացած այցելուներին այսօր աղի բլիթներ էր նվիրում։ Հունվարի 31-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, որի նախօրեին, ըստ ավանդույթի, երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ ապագա կողակցին տեսնելու հույսով։
Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն «Ա1+»- ի հետ զրույցում ասում է, որ արդեն մի քանի տարի է՝ թանգարանը կազմակերպում է եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ։
«Սուրբ Սարգսի տոնակատարությանը ևս անմասն չէինք կարող մնալ։ Մեզ մոտ ավանդույթ է դարձել աշխատակիցների կողմից աղի բլիթներ պատրաստելը և այցելուներին նվիրելը»,- հավելեց նա։
Օտարերկրյա այցելուների համար այս տոնը և՛ զարմանալի է, և՛ բավականին հետաքրքիր։
Ըստ Արուսյակ Ղազարյանի՝ նրանցից շատերը չեն հավատում, որ աղի բլիթ ուտելուց հետո կարող են երազում հանդիպել իրենց սիրուն, բայց ժպիտով լսում են պատմությունն ու աղի բլիթներով հեռանում։
Այսօր սուրբսարգսյան շունչ էր նաև Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում։ Պատկերասրահում այսօրվանից ժամանակավոր ցուցադրություն է։ Հունվարի 30-ից մինչև փետրվարի 19-ը կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» բացառիկ սրբապատկերները։
Ցուցադրությունը նախատեսված է ինչպես արվեստասերների, այնպես էլ այն երիտասարդ այցելուների համար, որոնք տոնական օրերին մշակութային միջավայրում ժամանակ անցկացնելու հնարավորություն են փնտրում։
Երեւանյան եկեղեցիներն այսօր առավոտից բազմամարդ էին, հիմնականում երիտասարդ աղջիկներ էին։ Սուրբ Աննա եկեղեցու մոտ կարելի էր գնել աղաբլիթներ, գունավոր մոմեր, յուղեր։ Վաճառողը հավատացնում էր, որ դրանք բերված են Երուսաղեմից։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ըստ ավանդույթի՝ Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: