Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վճարահաշվարկային մամուլ պատկեր
A A
Պաշտոնական

Հեռահաղորդակցության ընկերությունների առաջարկած նոր պայմանները՝ միջնորդավճարի կտրուկ նվազեցումը չի ծածկում աճած ծախսերը. հայտարարություն

Վճարահաշվարկային կազմակերպությունների համատեղ
հայտարարություն

Հայկական վճարահաշվարկային
ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը տեղեկացնում են,
որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների կողմից
առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն
համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և
կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական
և որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։

Վերջին տարիներին ֆինանսական ծառայությունների իրական ինքնարժեքը
էականորեն աճել է՝ ներառյալ տեխնիկական սպասարկման, անվտանգության
և ենթակառուցվածքների պահպանման ծախսերը։ Չնայած դրան՝
վճարահաշվարկային ընկերությունները, կարևորելով հանրային շահը և
քաղաքացիների համար վճարային ծառայությունների հասանելիությունը, չեն
դիմել սակագների վերանայման և շարունակել են ծառայությունների
մատուցումը գործող պայմաններով։

Ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից
առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40–50%, չի
ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն և
գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող
ձևաչափով։ Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային
կազմակերպությունների կողմից հանգեցրել է հեռահաղորդակցության
օպերատորների կողմից գործող պայմանագրերի միակողմանի խզման՝
անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման
հնարավորությունը։
Պետք է ընդգծել, որ այսօր բջջային օպերատորների վճարումների ծանրակշիռ
մասն իրականացվում է վճարահաշվարկային ընկերությունների հարթակների
միջոցով, որոնք քաղաքացիներին ապահովում են արագ, անվտանգ և
ժամանակակից վճարային լուծումներ։ Պարտադրված փոփոխությունների ուժի
մեջ մտնելու դեպքում հարյուրհազարավոր բաժանորդներ փետրվարի 1-ից
կարող են զրկվել այդ հարմարությունից։ Առանձնակի կարևոր է նաև, որ նման
փոփոխությունները կարող են hանգեցնել ինքնագործունեությամբ զբաղվող
լրացուցիչ միջնորդական օղակների ի հայտ գալուն և ավելորդ ֆինանսական
բեռի առաջացմանը, ինչը հակասում է ժամանակակից վճարային
ծառայությունների զարգացման տրամաբանությանը։
Վճարահաշվարկային ընկերությունները բազմիցս հանդես են եկել
բանակցությունների, ծառայությունների ընդլայնման և համագործակցային
նոր մոդելների առաջարկներով՝ համոզված լինելով, որ կայուն
համագործակցությունը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի շահերի
հավասարակշռման վրա։ Միակողմանի որոշումները կարող են խախտել
արդար մրցակցության սկզբունքները, ինչի կապակցությամբ նրանք դիմում են
ՀՀ մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին
և համապատասխան պետական մարմիններին։
Վճարահաշվարկային ընկերությունները վերահաստատում են իրենց
պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միայն
փոխշահավետ, ֆինանսապես կենսունակ և ոլորտի երկարաժամկետ
կայունությունն ապահովող պայմաններով՝ ի շահ քաղաքացիների և ամբողջ
վճարային համակարգի զարգացման։