Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Առևտրականների բեռները մինչ օրս Բագրատաշենի մաքսակետում են

Ուղեբեռը Բագրատաշենում է, տնտեսվարողները բողոքում են:
Մայիսի 19-ից մինչ օրս  1 ավտոբուս և 5 Ֆորդ տրանզիտ ավտոմեքենա գտնվում են Բագրատաշենի մաքսատան անցակետում:
Բեռնափոխադրող երկու կազմակերպություններից մեկի՝ «Ռուս տուր» ընկերության ներկայացուցիչ Քնարիկ Սարգսյանի խոսքով, ուղեբեռը մաքսազերծվել է, ապա ավտոբուսը դուրս է եկել մաքսատնից: Քիչ անց, իրենց կանգնեցրել են և հետ վերադարձրել մաքսակետ:

«Մենք կարող էինք չկանգնեցնել մեր ավտոբուսը, քանի որ իրենք չներկայացան և չներկայացրին որևէ փաստաթուղթ, թե որտեղից են: Բայց, մենք կանգնեցրինք ավտոբուսը, որպեսզի ապացուցենք, որ ոչ մի անօրինական բեռ չկա: Ավտոբուսը վերադարձել է անգարի մոտ»,-նշում է Քնարիկ Սարգսյանը, ավելացնելով՝ ուղեբեռը հավելյալ զննման են ենթարկել,  կշռել և մաքսազերծել. «Հիմա մենք ումի՞ց պիտի պահանջենք մեր կրած վնասների փոխհատուցումը»:

«Իմ ուղեբեռի մեջ երեկոյան զգեստներ էին՝ վերջին զանգի միջոցառումների համար էի բերում: Հիմա ոչ ուղեբեռը կա, ոչ էլ զգեստներն արդեն որևէ մեկը կգնի: Ես շատ մեծ վնասներ կրեցի»,- նշում է առևտրականներից մեկը:

Վնասներ կրողները թվով մոտ 40-ն են: Տնտեսվարողները շաբաթներ շարունակ պատասխանի են սպասում տարբեր գերատեսչություններից.
«3 օր մեզ պահեցին Բագրատաշենում, ասելով՝ հիմա կլինի, 10 րոպեից կլինի, կես ժամից կլինի, էդպես էլ էդ ուղեբեռները չհասան»,- նշում է առևտրական Նունե Ապաքիձեն:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկայացրել էր պարզաբանում: Ըստ վերջինիս. «պարզվել է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված  խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Փոխադրող ընկերությունների ներկայացուցիչները, սակայն պնդում են՝ օրենքի որևէ խախտում թույլ չեն տվել, մաքսատուրքն էլ վճարել են օրենքին համապատասխան:

Առևտրականները մինչ օրս որևէ հստակ պարզաբանում, թե ինչու է բեռը դեռ մաքսակետում՝ չեն ստացել։