Բացել լրահոսը Փակել լրահոսը

«Չելսի» - «Արսենալ». Եվրոպայի լիգայի եզրափակիչին ընդառաջ՝ թվեր եւ փաստեր

A A

Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու համար պետք է մեկնեն Կասպից ծովի ափ, քանի որ եզրափակիչ խաղը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Այս եզրափակիչը թվով 10-րդն է մրցաշարի պատմության մեջ: Նախորդ 9 խաղերում գրանցվել է 24 գոլ, միջին՝ 2,667 գնդակ:

Ամենախոշոր հաշիվը գրանցվել են 2012 եւ 2018թթ, երբ «Աթլետիկոն» միեւնույն 3:0 հաշվով հաղթել է «Աթլետիկին» ու «Մարսելին»: Ամենաշատ գոլ գրանցվել է 2015թ եզրափակիչում՝ «Սևիլյա» - «Դնեպր»՝ 3:2:

«Արսենալը» Անգլիայի թվով 5-րդ ակումբն է, որը հանդես է գալու ԵԼ-ի եզրափակիչում: Հաղթելու դեպքում այն կլինի մրցաշարի 6-րդ գավաթակիրը: Նախկինում երեքական անգամ հաղթել են «Աթլետիկոն» ու «Սեւիլյան», մեկական՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Պորտոն»: Ի դեպ, 2014-2016թթ սեւիլյացիներին հաղթանակի հասցրել է «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերում առայժմ ոչ մի հեռացում չի եղել, իսկ մրցավարները նշանակել են ընդամենը մեկ 11մ հարված:

Սա Եվրոպայի լիգայի երրորդ եզրափակիչն է, որտեղ խաղալու են նույն երկրի թիմերը: 2011թ միմյանց հետ հանդիպել էին պորտուգալական «Պորտոն» ու «Բրագան», իսկ 2012-ին՝ իսպանական «Աթլետիկոն» ու «Աթլետիկը»:

«Չելսին» ընթացիկ մրցաշարում անցկացրած 14 խաղերում պարտություն չի կրել՝ խփելով 32 գոլ, ինչը լավագույն արդյունքն է: «Արսենալը» երկու անգամ զիջել է իր մրցակիցներին, սակայն վերջին 5 հանդիպումներում հաղթանակներ է տարել: «Չելսին» ոչ-ոքի է ավարտել նախորդ երկու խաղերը՝ կիսաեզրափակիչում 11մ հարվածներով հաղթելով գերմանական «Այնտրախտին»:

«Արսենալն» ու «Չելսին» արդեն հանդիպել են եվրոպական գավաթային մրցաշարերում. 2003/04թթ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Չելսին» երկու խաղերի արդյունքներով հաղթել է «Արսենալին»՝ 1:1, 2:1:

«Արսենալը» եվրոպական մրցաշարերում առայժմ չի կարողացել հաղթել անգլիական մյուս թիմերին՝ 2 ոչ-ոքի, 4՝ պարտություն: «Չելսին» նույնպես 4 պարտություն կրել իր հայրենակիցների հետ խաղում, սակայն՝ 17 խաղում:

«Արսենալը» 7-րդ անգամ է մտել եվրոպական գավաթների եզրափակիչ: Նախորդ 6 հանդիպումներից միայն մեկում են արսենալցիները տոնել հաղթանակ՝ 1993/94թթ, գավաթակիրների գավաթ խաղարկությունում, իտալական «Պարմայի» նկատմամբ՝ 1:0:

Սա «Չելսիի» թվով 9-րդ եզրափակիչն է: Նախորդ 8 հանդիպումներից 5-ում «կապույտները» հաղթանակ են տարել.

1970/71թթ, գավաթակիրների գավաթ.  «Ռեալ»՝ 1:1, 2:1

1997/98թթ, գավաթակիրների գավաթ, «Շտուտգարտ»՝ 1:0

1998թ, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»՝ 1:0

2011/12թթ, Չեմպիոնների լիգա. «Բավարիա»՝ 1:1, 11մ՝ 4:3

2012/13թթ, Եվրոպա լիգա, «Բենֆիկա»՝ 2:1

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը 2013-ին «Չելսիի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: 2017-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՈՒԵՖԱ-ի գավաթին տիրել է նաեւ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ ահա Մեսութ Օզիլը, 2009 թվականին, «Վերդերի» կազմում պարտություն է կրել Դոնեցկի «Շախտյորի» հետ եզրափակիչ խաղում:

«Չելսիի» ներկայիս երեք խաղացողները՝ Ցեսար Ասպիլիկուետան, Գարի Կեյհիլը եւ Դավիդ Լուիսը, 2013թ թիմի հետ դարձել են Եվրոպայի լիգայի հաղթող:

«Արսենալն» ու «Չելսին» ընդհանուր առմամբ իրար հետ հանդիպել են 197 անգամ. 76-ում հաղթել են «զինագործները», 63-ում՝ «ազնվականները»: Ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում «Չելսին» իր հարկի տակ հաղթել է 2:1 հաշվով, իսկ երկրորդում «Արսենալը» ռեւանշի է հասել՝ 2:0: