Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zaqaryan Ishkhan4
A A
Սպորտ

Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԱԱԾ պետի հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը  հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այդ մասին հայտնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: Կարևորվել է պաշտպանության նախարարության իրավասություններին առնչվող կազմակերպչական աշխատանքների համակարգման և պատշաճ իրականացման ապահովումը:

Իշխան Զաքարյանը հանդիպել է նաեւ ԱԱԾ պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Դրա ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր: ՀԽՀԿ նախագահը նշել է, որ համահայկական ամառային խաղերին նախատեսվում է ավելի քան 60 թիմերի մասնակցություն: ՀՖՖ նախագահի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` աջակցել խաղերի կազմակերպչական և ֆինանսական հարցերի կարգավորմանը:

Նշենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացումը և մրցման առաջին 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում: