Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroboks
A A
Սպորտ

Հայկական բռնցքամարտի գլխավոր մարզիչը հրաժարական կտա, եթե ղեկավար այրերը միջամտեն (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը հրաժարական կտա, եթե ղեկավար այրերը միջամտեն թիմի կազմի ընտրության հարցում:

«Ես հավաքականը ընդունել եմ այս տարվա փետրվարին: Այն կազմել եմ Հայաստանի առաջնության արդյունքներով: Մասնակցել ենք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, բազմաթիվ միջազգային մրցաշարերին, որտեղից բազմաթիվ մեդալներ ենք բերել: Այժմ պատրաստվում ենք Եվրոպական խաղերին: Սակայն, օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ ինձ հորդորել են թիմում ընդգրկել հավաքականի նախկին անդամներին, որոնք 1,5 տարի չեն մարզվել հավաքականում: Եթե որեւէ մեկը խառնվի հավաքականի կազմի ընտրության հարցին, լինի դա նախարարը, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը կամ ՀԱՕԿ նախագահը, ես հրաժարական կտամ: Ես կաշխատեմ միայն իմ թիմի ու բռնցքամարտիկների հետ: այլ տարբերակ չկա», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց գլխավոր մարզիչը:

«Այսօր մենք հավաքվել ենք այն քաոսային վիճակի պատճառով, որը ստեղծել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Խնդիրը կայանում է նրանում, որ վերջինս ցանկանում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին պարտադրել թիմում ընդգրկել այնպիսի մարզիկների, որոնք չեն մասնակցել Հայաստանի վերջին երկու առաջնությանը, ուսհավաքներին, մրցումներին: Հավաքականի անդամները երկար ժամանակ քրտնաջան պատրաստվում են Եվրոպական խաղերին: Որքանով է բարոյական վերջին պահին հրաժարվել թիմի անդամներից եւ նրանց տեղը ուրիշ մարզիկներ հրավիրել», - ավելացրեց հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը:

 

Հավելենք, որ Ռուդիկ Մկրտչյանը նախատեսել է ուսհավաք Ծաղկաձորում, որտեղ պետք է մասնակցեն հավաքականի բոլոր անդամները, սակայն ՀԱՕԿ-ը, որն իր վրա է վերցրել բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը, ներկայացրել է 14 բռնցքամարտիկների անուններ, որոնք կարող են մասնակցել այդ հավաքին: Այդպիսով, անորոշությունը հայկական բռնցքամարտում խորանում է: