Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Հայկ Գեւորգյանը՝ Ծառուկյանի մասին. «Ստացվում է՝ իրականում եղել է սեփականատերերի ցանկում, բայց թաքնված» . Առավոտ

«Արարատցմենտ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, եւ գործարանի առուվաճառքի հետ կապված որոշ «դետալներ» է ներկայացրել, պնդելով՝ դրանք բավարար են, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Հայկ Գեւորգյանը ներողություն խնդրի:

Գործարանի շուրջ կրքերը բորբոքվեցին, երբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շրջանառվեց ներկրվող ցեմենտի համար մաքսատուրքի կիրառելու նախագիծը, որով չի նախատեսվում մաքսատուրք կիրառել ներկվող կլինկեր նյութի դեպքում, ինչը դուր չի եկել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Գործարանը պատկանում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնին:

Նախագծի շրջանառությունից հետո գործարանի ղեկավարությունը հայտարարեց կրճատումների մասին, քանի որ, ըստ իրենց հայտարարության, եթե կլինկեր նյութի վրա մաքսատուրք չկիրառվի,  ապա գործարանը վնասով կաշխատի:  Հետո կրճատման ենթակա աշխատակիցները բողոքի ցույցեր արեցին:

Հայկ Գեւորգյանը  ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարել էր՝ 17 տարի առաջ «Արարատցեմենտ»-ն ընդամենը 200 հազար դոլարով վաճառվել է օֆշորում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը: Սրան արձագանքելով, Գագիկ Ծառուկյանն ասել է՝ «Եթե ցեմենտի գործարանը 200 հազարով ա ձեռք բերվել, ես նվեր տամ՝ որպես Ծառուկյան, եթե չէ՝ պետք ա հայտարարողը պատասխան տա, ժողովուրդն էլ իմանա, թե ով է իրենց թշնամին»: 

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Գեւորգյանն արձագանքելով՝ գործարանի տնօրենների խորհրդի այսօրվա հայտարարությանը եւ արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել, ասաց՝ «Նախ իրենք պետք է ներողություն խնդրեն տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին ժողովրդի թշնամի անվանելու համար, իմ եւ մյուս անդամների հասցեին անձնական վիրավորանք հասցնելու համար: Մենք այդ դաշտ չենք մտնի, այլ՝ կխոսենք փաստերով»:

Գեւորգյանի խոսքերով՝ «Ինչպես ասել եմ, եւ հիմա էլ եմ պնդում եմ՝ տնտեսագիտական, նույնիսկ, տարրական գիտելիքները  բավարար են, որպեսզի չվիճարկեին մեր պնդումը, որ գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով»:

Գործարանի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ այն ձեռք են բերել եւ միլիոնավոր դոլարների պարտքեր են վճարել:  Պատգամավորը նկատում է՝ «Այդտեղ ի՞նչ պարտքեր են եղել, այդ նույն կառավարության որոշմամբ ի՞նչ պարտքեր են գրվել, դա 2-րդ հարցն է, չգիտենք, թե՝ որքան ցեմենտ է եղել օրինակ՝ պահեստներում, չգիտենք, այսինքն՝ գիտենք ակտիվներն ինչքան են եղել»:

Գործարանի իրական սեփականատիրոջ հետ կապված Գեւորգյանն ասաց՝ «Հենց իրենց հայտարարությամբ՝ «Ռոբերտո»-ի 25 տոկոս բաժնետոմսերը Գագիկ Ծառուկյանը  ձեռք է բերել նույն թվականի  դեկտեմբերի 24-ին, բայց սեպտեմբերի 12-ին կառավարության որոշում է եղել, որով երեք օրվա ընթացքում պետք է վճարումները կատարվեին:  Բայց այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի անունը սեփականատերերի ցանկում չի եղել, հայտնվել է միայն երեք ամիս հետո: Իմ ելույթում էլ ես չեմ ասել՝ ո՞վ է ձեռք բերել այն: Եթե նա է եղել սեփականատերը, դա թաքնված սեփականատեր է, ինքը հանդես է գալիս թաքնվա՞ծ  սեփականատեր: Ստացվում է՝ իրականում եղել է սեփականատերերի ցանկում, բայց թաքնված է եղել: Չեմ ուզում տխրեցնել, բայց դա քրեական օրենսգրքի ուրիշ հոդված է: Այսինքն՝ իրականում ինքն է եղել գնորդը, բայց իր անունը որեւէ տեղ չի երեւում»: Ինչ  վերաբերում է վճարված պարտքերին, որին գործարանի ղեկավարությունը հղում է անում, Գեւորգյանը նշեց.

«Չի կարելի գործարանի պարտքերը դիտարկել որպես գործարանի գին, որովհետեւ, գործարանի պարտքերը պասիվներն են, բայց կարող է  գործարանը ունեցել է նաեւ ակտիվներ, ասենք՝ 7մլն դոլարի ցեմենտ: Կա վաճառքի գին, դա կառավարության որոշմամբ 200 հազար դոլար է»: Գեւորգյանը նորից շեշտեց՝ «Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել դեկտեմբերի 24-ին, այսինքն՝ որեւէ կապ իր եւ գործարանի միջեւ ի հայտ է եկել դեկտեմբերին, իսկ գործարանը սեփականաշնորհվել է սեպտեմբերի 12-ին»: Մեր հարցին՝ եթե ապացուցվի իր ասածը եւ Ծառուկյանն, իսկապես գործարանը, իր խոստումի համաձայն, նվիրի այն, արդյոք Գեւորգյանը կընդունի նվերը, վերջինս պատասխանեց՝ «Երբ պաշտոնական առաջարկը լինի՝ ես հայտարարություն կանեմ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով