Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 հազար աշխատատեղեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Տնտեսություն
Նիկոլ Փաշինյան ԵԽԽՎ

Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ապրիլի 11-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում իր կողմից արված այն հայտարարությանը, որ հեղափոխությունից հետո 10 ամիսների ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել ավելի քան 50 հազար աշխատատեղ:

Հիշեցնենք, որ այս թիվը կասկածի տեղիք էր տվել և մի շարք հարցեր բարձրացրել հանրության շրջանում, մասնավորապես, թե որ ոլորտներում և երբ են ստեղծվել այդ 50 հազար աշխատատեղերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ տարում արդյունաբերության և տնտեսության ոլորտներում, մասնավորապես` մետաղագործության և հանքարդյունաբերության ճյուղերում ունենք ցուցանիշների անկում, փակվել են գործարաններ, աշխատատեղեր, իսկ մյուս կողմից սպասվում է կառավարության կառուցվածքի փոփոխություն` օպտիմալացում, որը նույնպես ենթադրում է հազարավոր պետական աշխատողների կրճատում և աշխատանքի կորցնում,  վարչապետի հայտարարությունը 50 հազար աշխատատեղերի մասին իսկապես հիմնավորման և պարզաբանման անհրաժեշտություն ստեղծեց:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թ. հունվար-փետրվարին» հաշվետվության տվյալների` Հայաստանի աշխատունակ բնակչության 20.4 տոկոսը (234 հազար մարդ) գործազուրկ է:  Այս ցուցանիշը էականորեն չի տարբերվում 2018թ. նախորդ ամիսների և անգամ 2017 թ.-ի ցուցանիշներից: 2017-ին գործազրկության ցուցանիշը կազմել է 20.8 տոկոս (236.5 հազար մարդ):

Վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում, երբ ուսումնասիրում ենք զբաղվածության մակարդակի տվյալները, տեսնում ենք, որ այստեղ կա դրական տեղաշարժ: Ի տարբերություն 2017 թ-ի, որտեղ զբաղվածության ցուցանիշը եղել է 44.7 տոկոս (903.3 հազար մարդ), 2018-ին գրանցվել է զբաղվածության 45.4 տոկոս (915.5 հազար մարդ): Այսինքն զբաղվածների թիվը ավելացել է 12.2 հազարով:

Մինչդեռ ապրիլի 26-ին վարչապետը, հղում կատարելով ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներին, ասաց, որ Հայաստանում 2019 թ.-ի հունվարին՝ ի համեմատություն 2018 թ.-ի հունվարի, գրանցվել է 50 հազար 141 աշխատատեղով ավելի: Նա շեշտեց, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել:

«Հեղափոխությունից հետո ուղղակի այդ աշխատատեղերը ստվերից դուրս են եկել, իհարկե, այստեղ կան նոր ստեղծված աշխատատեղեր, բայց այդ թվերի տարբերակումը ավելի խորը վերլուծության արդյունք են պահանջում: Բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ, 50 հազար 141 աշխատատեղով ավելի է գրանցվել Հայաստանում»,-պարզաբանեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս թվերը իրական են, քանի որ ձևավորվել են ընկերություների, ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա:

«Ես սա ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ համարում եմ մեր գործարարների, մեր քաղաքացիների, մեր ընկերությունների գիտակցության բարձրացման հետևանք»,-շեշետեց Փաշինյանը և ներկայացրեց բոլոր այն ոլորտները, որտեղ այդ աշխատատեղերը ստվերից դուրս են եկել:

Ստացվում է, նախ ՀՀ Վիճակագրական կոմիտեի և ՊԵԿ-ի ներկայացրած տվյալների միջև կա անհամապատասխանություն, երկրորդ, եթե 50 հազար 141 աշխատատեղ ստվերից է դուրս եկել, դա չի նշանակում, որ մինչ այդ նրանք աշխատանք չեն ունեցել կամ աշխատավարձ չեն ստացել, պարզապես նրանց գործատուները թաքցրել են սոցիալական պարտավորություններն այդ աշխատողների մասով եւ պետական բյուջե չեն վճարել իրենց հարկային պարտավորությունները:  

Եթե վերլուծում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն տեսանկյունից, որ արդեն 50 հազարից ավելի աշխատատեղեր ստվերից դուրս են եկել, ապա դա անմիջապես պետք է արտացոլվեր նաեւ Զինծառայողների ապահովագրության «1000 դրամների» հիմնադրամում՝ 50 մլն 141 հազար դրամ հավելյալ մուտքերի տեսքով։

Որոշ հայաստանյան լրատվամիջոցներ այս հարցի հետքերով արդեն փորձել են գնալ և ճշտել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, թե հեղափոխությունից հետո ինչպիսին է եղել  հիմնադրամի մուտքերի դինամիկան:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը «Հրապարակ»-ին տված իր հարցազրույցում ասել էր, որ հիմնադրամի մուտքերն աճել են ընդամենը 5 մլն 26 հազար դրամով, այսինքն ստացվում է ստվերից դուրս է եկել ամսական միջինը 5 հազար 26 մարդ:

«Բայց էստեղ մի ուրիշ խնդիր կա, 6 հազար 451 մարդ էլ դիմել է հիմնադրամին, ովքեր աշխատում են մեկից ավելի տեղ, որ իրենց վճարած 1000 դրամները հետ տանք։ Այսինքն՝ վերջնական արդյունքով 2018 թվականը, երբ որ մենք ամփոփենք, եւ ես կարծում եմ, որ դրական դինամիկա դժվար թե լինի, այնուամենայնիվ, եթե դրական դինամիկան 5 հազար էլ լինի, վարչապետն իր մի հայտարարության ժամանակ նշում էր 35 հազար թիվ, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում էր 38 հազար ստվերից դուրս եկած մարդ, իսկ Ստրասբուրգում հնչում է 50 հազար մարդ։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ պետական համապատասխան մարմնի աշխատողները դիլետանտներ են, իրենք վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս, որ 50 հազար մարդ ստվերից եկել է օրինական դաշտ, բայց եթե վարչապետի ասած թիվը ճիշտ է, ուստի թող իր հայտարարությունները պատկան մարմիններն ընդունեն վարույթ, ուրեմն էդ 50 հազար մարդը չի արտացոլվում հիմնադրամում, եւ խոշոր չափի էդ գումարները յուրացվում, փոշիանում են»,-ասել էր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ ամսական նվազագույնը 40 միլիոն դրամ կորում է։

Այս հարցը Ազգային ժողովում ապրիլի 17-ին բարձրացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ թվերը չեն կարող սխալ լինել, քանի որ դրանք ներկայացրել է ՊԵԿ-ը:

«Ինչ վերաբերում է հիմնադրամին, դրա հետ կապված հավելյալ պարզաբանումներ կստանամ ես, բայց ասեմ որ դա նորություն չէ, այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա և այդպիսի տեղեկություններ ստանում եմ պարբերաբար, որ 1000 դրամները միշտ չէ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարվում է: Կառավարությունը իհարկե պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովվի»,-պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ ապրիլի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետը չանդրադարձավ ստվերից դուրս եկած աշխատատեղերի 1000 դրամների չվճարման խնդրին, ինչը շարունակում է մտահոգության տեղիք թողնել հանրության շրջանում:

  Լիլիթ Առաքելյան