Բացել լրահոսը Փակել լրահոսը
13258509
A A
Տնտեսություն

Բնապահպանության նախարարությունը հետաքրքրվա՞ծ չէ Ամուլսարի գործով. դատավորը՝ ներկայացուցչին (տեսանյութ)

Ապրիլի 17-ին Ամուլսարի գործով դատավարության ընթացքում դատավոր Կարեն Զարիկյանը չընդունեց «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Սայադ Բադալյանի միջնորդությունը դատական գործին փորձագետ Հարդներին ներգրավելու կապակցությամբ: Այս մասին ԷկոLուրին հայտնեց գործով հայցվոր Թեհմինե Ենոքյանը: Այս դատական գործում Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դատարանից պահանջում են չեղյալ համարել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը և նշանակել նոր բնապահպանական փորձաքննություն:

Նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր դատական գործի մեջ ներգրավել «ԼիդիանԱրմենիա» ընկերության փորձագետ Ռայկինին: Գնդեվազցիների փաստաբան Հայկ Ալումյանը մինչ այդ առարկել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ –ի կողմից ներկայացված փորձագետների ներգրաման անաչառությամբ՝ ասելով, որ այդ անձինք գումար են ստանում «Լիդիան»-ից։ Դատական գործին հայցվոր կողմի միջնորդությամբ ներգրավված են անկախ փորձագետներ WWF-հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը։

Դատական նիստի ընթացքում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին դատավոր Կարեն Զարիկյանը հարցրեց, թե ինչ կարծիք ունեն «Լիդիան»-ի կողմից փորձագետի ներգրավման առնչությամբ, նրանք էլ՝ թե ոչ մի կարծիք չունենք։

Դատավոր Կարեն Զարիկյան․
- Ինձ մի փոքր զարմացնում է նախարարության պասիվությունը: Այս գործի շրջանակներում քննում ենք ձեր կողմից տրված փորձաքննության իրավաչափությունը: Դուք ժամանակին եզրակացություն եք տվել, որ նախատեսված աշխատանքները համապատասխանում են մեր օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, հիմա դրանք լրջորեն կասկածի տակ են դրված այս գործի քննության ընթացքում, և դուք, ինչքան ժամանակ է` նախարարությունը ներգրավված է, ես ձեզանից մի փաստարկ չեմ լսել` հայցվորի փաստարկները հերքող կամ ընդունող: Նախարարությունն իսկապես հետաքրքրվա՞ծ չէ այս գործով, թե՞ դատարանը ինչ որոշում կկայացնի, թույլտվությունները կվերացնի, չի վերացնի, դա չի՞ հետաքրքրում բնապահպանության նախարարությանը: Իսկ եթե հետաքրքրում է, ինչո՞ւ ես դա չեմ տեսնում․․․

Լևոն Գևորգյան` Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ. 
-Հարցը նրանում է, որ փորձաքննությունն այսօր վիճարկվում է ,նեղ մասնագիտական հարցեր են այնտեղ քննարկվել: Ես, օրինակ, երբեք չեմ փորձի այդտեղ գնահատականներ տալ` մեր փորձագետներն են ճիշտ եղե՞լ, թե ուրիշ փորձագետ կլինի, կոնկրետ սա կքննարկվի: Եթե կընդունվի, որ նա է ճիշտ լուծումը, դա էլ կընդունվի: Ուզում եմ ասել` նեղ մասնագիտական ես չեմ կարող ասել. ինձ որ տանեն, ցույց էլ տան, թե սա կարմիրգրքյան կենդանի է, ես չեմ ճանաչում ու չեմ հասկանում , որ ասեմ` կա, թե չկա։
Դատավոր Կարեն Զարիկյան 
- Ձեր կարծիքով ես ե՞մ հասկանում ․․․
Լևոն Գևորգյան` Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ. 
-Թող մասնագետներն իրենց դիրքորոշումները ներկայացնեն, տեսնենք` որն է ճիշտ: 
Դատավոր Կարեն Զարիկյան. 
- Դե մենք հիմա քննարկում ենք` պարոն Հարդները պետք է այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի, թե` ոչ։
Լևոն Գևորգյան` Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ.
- Մենք ոչ այս փորձագետի հետ կարող ենք չափվել ոչ մյուս։
Դատավոր Կարեն Զարիկյան. 
- Ես շարունակում եմ զարմացած մնալ ձեր դիրքրոշումից։
Դատավորը ժամանակ տվեց պատասխանող կողմին նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 20-ին` 14։30