Բացել լրահոսը Փակել լրահոսը
hyusis-harav-1-634x445
A A
Տնտեսություն

Հյուսիս-հարավ ճանապարհը պարզ չէ, թե երբ պատրաստ կլինի

Հայաստանում  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը զբաղվում է  միայն միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներով: Համայնքների ճանապարհների նորոգման գործառույթը նախարարությանը չէ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախարար Հակոբ Արշակյանը:

2019 թվականի բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ:
«Հիմնական շեշտը պիտի դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստան և Իրան: Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի գումար ենք հատկացնելու»:

Ապրիլի 4-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ճանապարհաշինությանը, նշել էր, որ կան ընկերություններ, որոնք մրցույթը շահել են, բայց իրականացրել են վատ որակի աշխատանք: Մասնավորապես՝ խոսքը Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին էր: Անդրադառնալով այս թեմային, Հակոբ Արշականն ընդգծեց, որ շինարարության ընթացքին հետևել են, և մրցույթը հաղթած ընկերությանն ասվել է, որ աշխատանքը վատ որակի է և դադարեցվել  է շինարարությունը:

«Բայց, քանի որ անցյալ տարի մենք ճանապարհի շինարարությունը իրականացնում էինք լրացուցիչ ֆինանսավորմամբ և սեզոնային ուշացում ունեինք, հնարավոր չեղավ հենց անցյալ տարի էլ վերականգնել վնասը և այդ պատճառով մենք վճարում չկատարեցինք և մինչև հիմա էլ չենք վճարել»:

Նախարարը հավելեց, որ շինարարը պարտավորություն է ստանձնել՝  կշտկի թերությունները և մայիսից կսկսի շինարարական աշխատանքները:

Հակոբ Արշակյանը  անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը: Լրագրողի հարցին՝  ե՞րբ պատրաստ կլինի ճանապարհը, նախարարը պատասխանեց, որ դեռ հստակ ժամկետներ չկան:

«Կա տնտեսական էֆեկտ, կա վարկերի հասանելիություն, կա տրանսպորտային հոսքերի զարգացում և կայունություն, կա միջազգային հարաբերություններ մեր երկու հարևանների հետ, սա այնքան բազմաբնույթ հարց է, որ նախարարին ուղղելով պատասխանը դժվար է ստանալ»:

Այնուամենայնիվ, նախարարը նշեց, որ նախարարությունում  քննարկում են, թե որքան միջոցներ են հարկավոր աշխատանքներն ավարտելու համար:  Մինչև այսօր Հայաստանը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար  ծախսել է 200 մլն դոլար, բայց ներգրավվել է  550 մլն  դոլար: