Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gagik Minasyan nkar
A A
Տնտեսություն

Պետությունն իրավունք չունի մի կողմ քաշվել «Արարատցեմենտի» դեպքում. Գ. Մինասյան (տեսանյութ)

Վարչապետը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը և մի քանի օր հետո ընկերության ղեկավարին ձերբակալում են՝ հարկերը չվճարելու համար։  ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին զարմացնում է այս փաստը։

 

«Մի՞թե վարչապետը  երբ գնում էր գործարանի բացմանը չգիտեր, որ հարկերը չեն վճարել»,-ասում է նա։

 Ըստ նրա՝ «Սպայկա» ընկերության հետ կապված պետության գործողությունները չափազանց նեգատիվ ազդակներ են պարունակում և ներքին,  և արտաքին ներդրողների համար ։

 

«Աշխարհի բոլոր երկրներում  ամենահզոր ընկերությունների հետ պետությունը հարկերի չվճարելու հետ կապված ունենում է խնդիրներ, բայց ոչ մի երկրում այդ ընկերության ղեկավարին չեն կալանավորում»,-  նշում է նախկին պատգամավորը։

Նա  անդրադառնում է  նաեւ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին  աշխատանքից ազատելու որոշմանը՝  պայմանավորված մրցակցությանը չդիմանալու հետ։

Տնտեսագետը տրամաբանական է  համարում, որ ներկրված ցեմենտն ավելի էժան է , քան տեղականը։

Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը սուբսիդավորում է արտահանման ենթակա ապրանքները և այս պարագայում Հայաստանի համար  առաջանում է ոչ մրցակցային իրավիճակ։  Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Իրանից ներկրված ցեմենտը ավելի մատչելի է, քան այստեղ արտադրած ցեմենտը։

Այս պարագայում Գագիկ Մինասյանի կարծիքով` պետությունը իրավունք չունի մի կողմ քաշվել, երբ մրցակցությունը  սուբսիդավորվող և ոչ սուբսիդավորվող տնտեսության միջև է։

«Պետության բարձր պաշտոնյան ասում է, սա տնտեսվարողի և աշխատակիցների ներքին խնդիրն է, բայց այդ մոտեցումը վաղուց մոռացված է կապիտալիստական հարաբերությունների աշխարհում»,-ասաց նա։

 Հիշեցնենք, որ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները մի քանի օր է ինչ գործադուլ են անում, քանի որ ընկերությունից ստացել են աշխատանքից ազատման ծանուցագրեր, ինչը  պայմանավորված է արտադրության մեծ ծախսերի  և արտադրանքի բարձր ինքնարժեքով։