Ռ. Քոչարյանի խորհուրդները ընդդիմությանը` «Ա1+»-ի եթերազրկման օրը (տեսանյութ)
Տաշքենդ մեկնելուց առաջ՝ 2002թ ապրիլի 2-ի առավոտյան, Ռոբերտ Քոչարյանը օդանավակայանում պատասխանում էր «Ա1+»-ի լրագրողի հարցերին։ «Ա1+»-ը այդ ժամին դեռ եթերազրկված չէր։ Նրա նշանակած ՀՌԱՀ-ը՝ Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ մի քանի ժամ հետո արդեն որոշում կայացրեց «Ա1+»-ին զրկել կապուղուց, բայց Ռոբերտ Քոչարյանի խոսքերից ակնհայտ էր, որ որոշումը վաղուց կայացված է։ Նա անցյալ ժամանակաձեւով էր խոսում «Ա1+»-ի եթերում լինելու մասին, երբ դեռ չէր կայացել ՀՌԱՀ նիստը, որը որոշեց 37-րդ դեցիմետրային ալիքով հեռարձակման իրավունքը տալ «Շարմ» ընկերությանը։ «Փորձում են ժողովրդին թյուրիմացության մեջ գցել, քանի որ ներկայացվում է, թե հանձնաժողովը փակում է «Ա1+»ընկերությունը։ Հանձնաժողովն այդպիսի լիազորություն չունի։ Հանձնաժողովը չի կարող փակել, ուղղակի «Ա1+» ընկերությունը տնօրինում էր 37-րդ հաճախականությունը, տնօրինում էր հինգ տարի եւ լրացել է այդ տնօրինման ժամկետը օրենքով»,- ասում էր Ռոբերտ Քոչարյանը։ Բացի այդ նա արդեն խորհուրդ էր տալիս տարվա ընթացքում մասնակցել կապուղիների մյուս մրցույթներին։ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, թե «խարդավանք չկա, դաշտը չեն մաքրում»՝ հաջորդ տարվա ընտրությունների հետ կապված։ Եւ ընդհանրապես. «Ես անկեղծ կցանկանայի, որ «Ա1+»-ը լիներ եթերում, եւ,կարծում եմ, որ նման ալիք երկրին պետք է,- ասում էր Ռոբերտ Քոչարյանն ու շարունակում,- Ես Ձեր աշխատողներին մի անգամ էլ եմ ասել, որ եթե չլիներ «Ա1+»-ը, ես շահագրգռված կլինեի հորինել»։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը մի խորհուրդ տվեց ընդդիմադիրներին, որը որեւէ տրամաբանության եւ օրենքի տառի շրջանակում չէր։ Նա ընդիմությանը. որ դրանից մեկ օր առաջ «Ա1+»-ի ուղիղ եթերում կարեւորել էր խոսքի ազատությունը, խորհուրդ տվեց գումար ծախսել եւ լրատվամիջոցներ գնել։ «Երեկ ես Ձեր եթերը հետեւում էի, նախկին իշխանության ստվար զանգված, որը մասնակցում էր, բոլորը փող ունեն։ Կարող էին մի քանի ամիս առաջ հավաքվել. լուրջ գումարներ ներդնել, առաջարկներ անել, օգնել Ձեզ այս մրցույթին լիարժեք մասնակցելու»,- ասում էր Ռոբերտ Քոչարյանը «Ա1+» անկախ լրատվամիջոցի ներկայացուցչին ։ Փաստացի, երկրի ղեկավարը նորմալ էր համարում, որ լրատվամիջոցը տեր է ունենում եւ կարող է քաղաքական ուժը լինել այդ տերը, երբ օրենքով արգելվում է։ «Իսկ ո՞վ ասաց, որ նախկին իշխանությունը չպետք է մասնակցի քաղաքականությանը եւ չպետք է լրատվական դաշտում տեղ ունենա։ Ես դրան հանգիստ եմ նայում, ես չեմ ընդունում հիստերիկ դրսեւումները»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը 2002թ ապրիլի 2-ին , եթերազրկումից անմիջապես հետո «Ա1+»-ը երկրի նախագահին եթերով տեղեկացրեց, որ արդեն նա հնարավորություն ունի «Ա1+» հորինելու։ Ընդհանրապես մի հարցում Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր՝ ՀՌԱՀ-ը չէր կարող փակել «Ա1+»-ը։ Եթերազրկումից 17 տարի անց «Ա1+» շարունակում է աշխատել, եւ անկախ թե որ հարթակում է իր գործունեությունը ծավալում, մնում է հավատարիմ իր սկզբունքներին։ Հ. Գ Այս վահանակը մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ է՝ Հրաչյա Քոչար փողոցում։ Այն հիշեցնում է 2800-ամյա Երեւանին՝ «Ա1+»-ի նվերի մասին. նախորդ տարի «Ա1+»-ի ստեղծագործական խումբը մեծ էկրանին հանդիսատեսի դատին հանձնեց «Արարատի հայացքը» էսսե- ֆիլմը։ Սա նոր ձեւաչափով «Ա1+»-ի առաջին արտադրանքն է։ Տեսանյութը՝ «Ա1+»-ի արխիվից. այն ամբողջությամբ եթեր է գնացել 2002թ ապրիլի 2-ին «Ա1+»-ի «Այբ- Ֆե» լրատվական թողարկման ժամանակ։