Փակելու են ճանապարհը
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի մարզի գյուղացիները բողոքում են, որ մարզի գործարանները հրաժարվում են ընդունել խաղողի բերքը:
Սեպտեմբերի 20-ից սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Բայց Արարատի մարզում միայն Այգավանի գինու գործարանն է մթերում խաղող, այն էլ միայն իր հետ պայմանագիր ունեցողներից:
Ընդորում, ինչպես հավաստիացնում են մարզի բնակիչները, խաղողի քաշը չպետք է գերազանցի պայմանագրում նշված քաշը, եւ խաղողն էլ պետք է համապատասխանի գործարանի պահանջած որակի չափանիշներին: Հակառակ դեպքում խաղողը չեն ընդունում:
«Հիշում եմ գյուղնախարարի վերջերս արած հայտարարությունը, որի համաձայն գյուղացին խաղողի ընդունման հետ կապված խնդիր չպետք է ունենար: Ինչու՞ մինչեւ վերջ տեր չեն կանգնում իրենց խոստումներին: Խաղողը իբր պետք է ընդունեն 120-130 դրամով: Հերիք չէ' ամբողջ մարզում դեռ մեկ գործարան է խաղող ընդունում, մի հատ էլ պայմանագիր չունեցողներից 80-90 դրամով է վերցնում: Եթե խաղողս այդ գներով հանձնեմ,նույնիսկ այգուս վրա ներդրված գումարները չեմ կարող հետ ստանալ»,- բողոքեց Տափերական գյուղի այգետերերից մեկը:
Մեկ ուրիշը հավելեց. «Խաղողս տարա գործարան հանձնելու, ասացին պայմանագրում նշվածից 200 կգ ավել է: Կա'մ գործարանին նվիրատվություն արա, կա'մ էլ ավել խաղողը հետ տար: Ես էլ հետ բերեցի, բայց հիմա չգիտեմ' ի՞նչ եմ անելու»:
Մինչեւ սեպտեմբերի 25-ը խնդիրը չլուծելու դեպքում մարզի բնակիչները պատրաստ են Երեւան- Մեղրի մայրուղու' Փոքր Վեդի գյուղ տանող հատվածը փակել: