Շնորհավորել են Գիտելիքի օրվա առիթով
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: Միանում եմ դպրոցի և ուսումնառության զարգացման բոլոր ջանքերին` ի բարօրություն այսօրվա և վաղվա Երևանը կերտող քաղաքացու:
Գագիկ Բեգլարյան Երևանի քաղաքապետ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:
Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:
Այս համատեքստում շնորհավորում եմ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը
Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ
ՙՍիրելի հայրենակիցներ,
Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատևության հիմքում միշտ էլ եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձեւավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:
Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում եւ կանխորոշել նրա ապագան: Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել: Այսօր մենք պարտավոր ենք մեր խոհուն հայրերի ազգանվեր գործի շարունակողը լինել եւ մշակութային ազգ կոչվելու նրանց վաստակը փոխանցել գալիք սերունդներին:
Սիրելի հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, ուսուցիչներ և աշակերտներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, հաջողություն եմ մաղթում ձեզ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում՚: