Ժամանակավոր լուծո՞ւմ, թե՞...
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի երկրագիտական թանգարանին նոր տարածք է տրամադրվում Գյումրիի Աճեմյան փողոցի շենքերից մեկում:
Թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանն այնքան էլ ոգեւորված չէ այդ որոշմամբ: Նրան անհանգստացրել է այն, որ այդ որոշումը կայացվել է առանց մասնագիտական կարծիքներն հաշվի առնելու:
Տնօրենը 2 մտահոգություն ունի՝ կապված նշված տարածքի հետ: Նա նախ ներկայացրեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքը, համաձայն որի շենքը խիստ վթարային է վերականգնման համար եւ պետք է համարակալել քարերը, քանդել ու նորից կառուցել: Երկրորդ' տարածքը փոքր է այս թանգարանի նման կառույց տեղավորելու համար:
Առկա չափանիշերի համաձայն' տարածք տրամադրելիս պետք է հաշվի առնվի նմուշների բազմազանությունը, քանակը եւ ամենակարեւորը՝ ներկայացվող պատմական ժամանակահատվածը: Այս թանգարանի նմուշները ներկայացնում են քարե դարից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակները: Տարիների կտրվածքով դա հավասար է մոտ 500 հազար տարվա:
Շիրակի երկրագիտական թանգարանը շուրջ 30 հազար ցուցանմուշ ունի: Այսինքն' ցուցասրահները պետք է բավարարեն առնվազն 3 հազար ցուցանմուշի, այնինչ՝ այն ինչ առաջարկվում է հիմա՝ 600 քառակուսի մետր, կբավարարի ընդամենը 60-70 ցուցանմուշի համար:
Կա նաեւ մեկ խանգարող հանգամանք էլ, ինչը պայմանավորված է Գորկայի այգուն կպած լինելու հանգամանքով: Խոնավությունն է, ինչն ըստ տնօրենի, անպակաս է լինելու:
Ըստ պարոն Խաչատրյանի, կլինի մոտավորապես նույն պատկերը, ինչ որ կա Մերկուրովի տուն-թանգարանում, որտեղ ամեն տարի նորոգումից ընդամենը մի քանի ամիս հետո սկսվում է պատերի բորբոսը:
Այնուամենայնիվ, իտալական կառավարության ֆինանսավորմամբ իրականացվելիք այս ծրագիրը, Համազասպ Խաչատրյանի խոսքերով, մեկ առավելություն ունի. Գյումրիում կվերականգնվի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող մեկ կիսավեր շենք:
Իսկ Շիրակի Երկրագիտական թանգարանի մասնաշենքի հարցի նմանատիպ լուծումը, Համազասպ Խաչատրյանի խոսքերով, ժամանակավոր մշտական միջանկյալ տարբերակ է, որով հարցը պարզապես փակվում է՝ լուծվելու փոխարեն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ