Ասուլիս Գյումրիում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 22-ին համաներմամբ բանտարկությունից ազատ արձակված ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանն ու Գեւորգ Ղազարյանն այսօր մամլո ասուլիս էին հրավիրել Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակում:
ՙԻնչ-որ մեկին դասային աստիճանից զրկեցին, ինչ-որ մեկի բիզնեսը փորձեցին խլել, համատարած քրեական հետապնդումներ, շինծու մեղադրանքներ, այսինքն որեւէ բանի վրա զարմանալ պետք չէ: Շատ բնորոշ է ավազակապետությանը՚, - Աշոտ Զաքարյանն այս խոսքերով սկսեց ասուլիսը:
Նա վստահեցրեց, որ պայքարի ոչ մի փուլում հակասություններ չեն եղել իրենց ընկերների միջեւ: Հակասությունների արգասիք չհամարեց նաեւ մամլո ասուլիսը ոչ թե երկրապահների, այլ՝ ՀԱԿ-ի գրասենյակում անցկացնելը: Երկրպահ կամավորականներից շատերն ունեցել են քաղաքացիական հստակ դիրքորոշում: Եւ քանի որ ասուլիսը կոնկրետ քաղաքական գործընթացների հետ էր կապված, երկրապահի գրասենյակում մամուլի ասուլիս տալը նպատակահարմար չեն համարել:
Քաղաքական ենթատեքստ չի տեսնում նաեւ Երկրապահ կամավորականների միության մարզային եւ քաղաքային կառույցներում իրականացված փոփոխությունների գործընթացում: Կառույցների նոր ղեկավարներին նա աշխատանքային հաջողություններ մաղթեց, քանզի դրանից կշահեն մարտական ընկերներն ու զոհվածների ընտանիքները:
Ըստ Աշոտ Զաքարյանի` Հայաստանում չկա արդարություն եւ համաներումը նա ոչ թե բարի կամքի դրսեւորում է համարում, այլ՝ ընդդիմության, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ժողովրդի համատեղ հաջողությունը: Իսկ անազատության մեջ մնացածներին նա համարում է պատանդ՝ իշխանությունների ձեռքում:
Նախագահական վերջին ընտրություններին նախորդած ու հաջորդած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներից ոչ բոլորն են, որ կհայտնվեն ազատության մեջ: Պատճառն ըստ Աշոտ Զաքարյանի, իշխանությունների կողմից համապատասխան կամք չդրսեւորելն էր՝ վախի հանգամանքի ճնշմամբ, նաեւ՝ քինախնդրությունն առանձին դատապարտյալների նկատմամբ: Արտաքին քաղաքականության առումով էլ, ըստ Աշոտ Զաքարյանի, Հայաստանը միջազգային ասպարեզում վերջին ժամանակներս միայն պարտություններ է գրանցում:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ