Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահներին կվտարե՞ն

Մարզեր

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Արտաշես Սարգսյանի հայցը՝ Երկրապահ Կամավորականների միության Գյումրիի բաժանմունքն իր սեփականությունը հանդիսացող շինությունից դուրս բերելու պահանջով: Նիստը հետաձգվել է մինչեւ հուլիսի 2-ը:, որպեսզի միության պաշտպանը ծանոթանա գործի մանրամասներին:

  ԵԿՄ Գյումրիի բաժանմունքի նախկին ղեկավար Աշոտ Զաքարյանը, ով ներկայումս մարզային կառույցի ղեկավարն է, Արտաշես Սարգսյանին տարիներ առաջ խնդրել է վերջինիս սեփականություն հանդիսացող նախկին ՙՇիրակՇին՚-ի շենքի մի հատվածը՝ վեց սենյակ տրամադրել միությանը՝ որպես գրասենյակ: Արտաշես Սարգսյանն ընդառաջելով իրեն մտերիմ Աշոտ Զաքարյանին եւ Միքայել Վարդանյանին, շենքն անվարձահատույց տրամադրել էր նրանց՝ առանց գրավոր փաստաթղթի: Սակայն վերջերս նկատել է, որ շենքի հիմնական պատերը քանդվել եւ մուտքեր են բացվել: Նա ԵԿՄ Գյումրիի բաժանմունքի ներկայիս ղեկավար Յուրա Ալեքսանյանին առաջարկել է դուրս գալ շենքի այդ հատվածից, քանի որ այդտեղ գործում է ուսումնական հաստատություն: Նաեւ խոստացել է միությանն այլ տարածք տրամադրել: Նախապես կողմերը եկել են համաձայնության:

 Սակայն  մի  քանի  օր  անց  Յուրա  Ալեքսանյանը  հայտնել  է, որ  իր  վերադասը  հրամայել  է  տարածքը  չազատել: Սեփականատերն  էլ  որոշել  է  իր  իրավունքները  պաշտպանել  դատարանի  միջոցով:

  Երկրապահ կամավորականները նշում են, որ իրոք տարածքը տրամադրվել է բանավոր պայմանավորվածությամբ՝ հիմնված մարդկային փոխհարաբերությունների վրա: Տարիներ շարունակ իրենք այստեղ են հավաքվել, քննարկել ընկերներին հուզող խնդիրները: Նաեւ իրենց օջախի նման են վերաբերվել շինությանը՝ կատարելով ներքին հարդարումներ: Չեն  ժխտում, նաեւ  փակվել  է  ընդհանուր  մուտքի  հետ  կապող  դուռը  եւ  նոր  մուտք  է  բացվել  հակառակ  կողմում՝  քանդելով  պատուհանը: Չէ՞  որ  այնտեղով  ուսանողներ  են  գնում - գալիս, իսկ  սա  ռազմական  կառույց  է:

 Սակայն Արտաշես Սարգսյանը նշում է, որ շինության հարմարեցման արդյունքում խախտվել է շենքի ամրությունը: Ինքն այս տարիների ընթացքում չի անհանգստացրել միությանը, իսկ այժմ ցանկանում է ազատել իր սեփականությունը հանդիսացող շինությունը, փոխարենը խոստանում է տրամադրել այլ տարածք: Երկրապահները  նշում  են, որ  դա  կիսակառույց  շինություն  է, իսկ  միությունը  չունի  այնքան  միջոցներ, որ  կատարի  անհրաժեշտ  աշխատանքներ: Եվ  առաջարկում  են  սպասել, ՙմինչեւ  տեսնեն  ինչ  կգա  իրենց  գլխին՚:

 Թե ինչ կգա երկրապահների գլխին, կորոշի դատարանը, որը նիստը նշանակեց հուլիսի 2-ին:

 Գյումրիի «Ցայգ»ՀԸ