Բաշխվեցին մրցանակները
Աջակցիր «Ա1+»-ին
Երեկ երեկոյան հանդիսավոր արարողությամբ փակվեց "Մեկ կարդ-մեկ րոպե" կինոփառատոնը:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ նորարարական կինոն գնահատողները, կինոքննադատներն ու երիտասարդ կինոռեժիսորները ամեն երեկո հավաքվում էին ՆՓԱԿ-ի կինոդահլիճում' ֆիլմերը դիտելու, դրանց շուրջ ծավալված քննարկումներին եւ հայտնի ռեժիսորների վարպետության դասերին մասնակցելու: Մասնակիցները մեզ հետ զրույցում պատմում էին, որ արդեն իսկ նոր ֆիլմերի գաղափարներ է ծնվել, մյուսները իրենց մեկ րոպեանոց ֆիլմները նկարում էին հենց միջանցքում:
Այս տարի միաժամանակ երեք մրցանակի արժանացավ 25 ամյա Արեւիկ Ավանեսյանի ֆիլմը' "Հեռուստատեսություն" խորագրով:
Ֆիլմը ցույց էր տալիս հեռուստաէկրան եւ աղբ, որը բառից բուն իմաստով թափվում էր էկրանից:
"Այստեղ պարզ ձեւերով ցույց է տրվում ժամանակակից հեռուստատեսության եւ լայն սպառման ապրանքների վնասակար ազդեցությունը",-ասաց "Մեկ կարդ-մեկ րոպե" փառատոնի ժյուրիի նախագահ ռեժիսոր Արա Շիրինյանը: Ժյուրիի մյուս անդամները եւս նշեցին, որ ֆիլմը արդիական է' հայկական հեռուստատեսության ներկայիս իրավիճակի պատճառով:
«Սինեմարտ» կինոյի եւ արվեստի հանդեսը հատուկ մրցանակներ էր սահմանել Լիլիթի եւ Գրիգորի «Հայաստանի Միացյալ Նահանգներ», Մերի Աղախանյանի «Այն կողմ», Նատալյա Գրիգորեւայի «Կյանքի մոռացված պահը», Նինո Դե Գլերիայի «Վիրտուոզի Դադար», ինչպես նաեւ Համլետ Վարդանյանի «Բուգի Վուգի» կարճամետրաժ ֆիլմի համար: Իր իսկ բառերով "պլակատային" ֆիլմերը չընդունող "կարճ ֆիլմեր" անվանակարգի ժյուրիի նախագահ Զավեն Բոյաջյանը առանձնացրեց հատկապես երիտասարդ ռեժիսոր Համլետ Գեւորգյանի "Ցերեկային լուսնոտ" ֆիլմը'այն լուսավոր ու ապագայի նկատմամբ հույս ներշնչող համարելով:
Փառատոնի նախագահ Գագիկ Ղազարէն իր կողմից մրցանակ շնորհեց Հեյզ Բլանչարդի, Լիզա Սարգսյանի եւ Սեւադա Պետրոսյանի "Պիվոյին սպասելիս" ֆիլմին եւ նշեց, որ իրենց այսքան տարիների ֆիլմերից եւ ոչ մեկում այսպիսի թիմային աշխատանք չի եղել: Ըստ Գագիկ Ղազարէի իրենց նպատակը հնարավորություն տալն է երիտասարդ դեբյուտանտներին ներկայացնելու իրենց ֆիլմերը եւ ճանապարհ հարթելու հայկական մեկ րոպեանոց ֆիլմերի համար, ինչը ինտերնետի դարում ֆիլմերի ապագան է: