ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՀԱՄԱԼԻՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի ամիս է` չի գործում Շենգավիթ համայնքում գտնվող Ձեւավոր չմշակասահքի մարզադպրոցի սահադաշտը, որը հիմնավոր նորոգման կարիք ունի: Սակայն, սահադաշտի վիճակը չի խանգարում, որ մարզադպրոցի սաները շարունակեն իրենց մարզումները:
«Ներկայումս մեր սաները մարզվում եմ Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի նորաբաց սահադաշտում, իսկ մարզադպրոցում անցկացվում են ֆիզիական ընդհանուր պատրաստավածության մարզումներ, խորեոգրաֆիկայի դասընթացներ», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ձեւավոր չմշկասահքի մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը:
Հայաստանում գործող միակ նմանատիպ մարզադպրոցի խնդրների մասին, ըստ Մելինե Ավագյանի, տեղյակ են տարբեր մարմիններ. «Այս հարցը բարձրացվել է եւ դիմել ենք մի շարք մարմինների, այդ թվում Հայաստանի կառավարությանը: Ակնկալում ենք, որ առաջիկայում սահադաշտի նորոգման խնդիրը վերջնական լուծում կստանա»:
Ենթադրվում է, որ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեում կընդգրկի նաեւ մարզադպրոցի վերանորոգման ծախսերը: Իսկ մինչ կնորոգվի մարզադպրոցի սահադաշտը, պատանի մարզիկները կսահեն Մարզահամերգային համալիրում: