Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԻՑ ՀԵՏՈ

Սպորտ

Վիետնամում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 15 մասնակիցներից այս տուրում հաջողության հասան 7-ը շախմատիստներ:

Առայժմ ամենահաջողը հանդես է գալիս Սամվել Տեր-Սահակյանը, որը ելույթ է ունենում 18 տարեկանների պայքարում: Թեեւ Տեր-Սահակյանը ընդամենը 15 տարեկան է եւ կարող էր հանդես գալ 16 տարեկանների պայքարում, սակայն որոշել է ավելի ուժեղ տարիքային խմբում ելույթ ունենալ, որտեղ հաջող հանդես գալով` Սամվելը վարկանիշը բարելավելու լավ հնարավորություն է ստանում: 3-րդ տուրում հայ շախմատիստը պարտության մատնեց իտալացի Ալեսանդրո Բոնաֆեդին: 3-րդ տուրից հետո Տեր-Սահակյանը 2.5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Առաջին 2 տուրերից հետո միավորներ չէին կորցրել Մանուել Պետրոսյանը (10տ), Տիգրան Հարությունյանը (12տ) եւ Հովհաննես Պետրոսյանը (16տ), սակայն այս 3 շախմատիստներն էլ 3-րդ տուրում պարտություններ կրեցին եւ զիջեցին դիրքերը: Իրենց 2-րդ միավորները վաստակեցին Կարեն Գրիգորյանը (14տ) եւ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված ամենակրտսեր մասնակիցը` Արմենակ Նազարյանը (8): Սկսել են հաջող հանդես գալ հայ շախմատիստուհիները, որոնցից այս տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը (10տ), Սուսաննա Գաբոյանը (12տ), Մարիա Գեւորգյանը (14տ) եւ Զոզան Շաքրյանը (16տ): Այս 4 մասնակիցներն էլ արդեն 2-ական միավոր ունեն իրենց ակտիվում: