«ՄԻԿԱՆ» ԿՈՐՑՐԵՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի առաջնության ավարտից 2 տուր առաջ Երեւանի «Միկան» գործնականում զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Հայաստանի չեմպիոնը, 5-րդ տուրում պարտվելով գերմանական «Բադեն-Բադեն» թիմին, նահանջեց 11-րդ հորիզոնական:
Մինչ այս հայկական թիմը բավական հաջող էր հանդես եկել եւ տոնել 4 անընդմեջ հաղթանակ, այդ թվում առավելության հասնելով մրցաշարի ֆավորիտ «Ուրալի» նկատմամբ: 5-րդ տուրում «Միկայի» մրցակիցը մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բադեն-Բադեն» թիմն էր, եւ հաղթանակի դեպքում հենց հայկական ակումբը կդառնար առաջատար: Սակայն «Միկան» պարտվեց 2.5:3.5 հաշվով: Պարտություններ կրեցին Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը միակն էր մեր թիմի կազմում, որին հաջողվեց հաղթանակ տոնել: Արոնյանը, Կառլսենը եւ Գելֆանդը վաստակեցին կեսական միավոր:
Անհաջող հանդես եկավ նաեւ «Բանկային Արքան», որը 2.5:3.5 հաշվով զիջեց գերմանական «Մյուլյեմ Նորդին»: Այս մրցավեճում պարտություններ կրեցին Սմբատ Լպուտյանը եւ Դավիթ Հարությունյանը, իսկ Արտաշես Մինասյանի հաղթանակի շնորհիվ «Բանկային Արքան» նվազագույն հաշվով զիջեց մրցակցին:
Երիտասարդ շախմատիստներով համալրված ՖԻՄԱ-ն 4.5:1.5 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Մենդրիսիո» թիմի նկատմամբ: ՖԻՄԱ-ի կազմում հաղթանակներ տոնեցին Ավետիք Գրիգորյանը, Արման Հայրապետյանը, Յուրի Համբարձումյանը եւ Հովիկ Խալիկյանը:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բադեն-Բադենը», որը թիմային 10 եւ անհատական 21.5 միավոր ունի իր ակտիվում: «Միկան» թիմային 8 եւ անհատական 18 միավորով 11-րդ հորիզոնականում է, «Բանկային Արքան» 16-րդ տեղում է, իսկ ՖԻՄԱ-ն` 21-րդ:
Կանանց պայքարում «Միկան» 1.5:2.5 հաշվով զիջեց ռուսական «Էկոնոմիստին»: Միակ պարտությունը կրեց Էլինա Դանիելյանը: Այս պարտությունից հետո «Միկան» թիմային 5 եւ անհատական 10.5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: